1in.am-ը գրում է.

Չինաստանում դատարանը Պեկինի բնակչին դատապարտել է մահապատժի կայանատեղիում բռնկված վեճի ժամանակ երեխայի սպանության համար, հաղորդում է BBC News-ը:

2013թ. հուլիսին 39-ամյա Խան Լեյը երկու տարեկան աղջնակին հանել է սայլակի միջից և գցել գետնին, երբ երեխայի մայրը հրաժարվել է կայանատեղիում իր տեղը նրան զիջել: Մանկահասակ երեխան մահացել էր ստացված վերքերից: Դրանից հետո հանցագործը ծեծի էր ենթարկել երեխայի մորը, որից հետո թաքնվել դեպքի վայրից, սակայն ոստիկանությանը հաջողվել էր գտնել նրան:

Դատարանում Խանը հայտարարել է, որ չի պատրաստվել վնասել ինչ-որ մեկին: Նա նշել է, որ հարբած է եղել և ենթադրել է, որ սայլակում եղել են մթերքներ, այլ ոչ թե երեխա:

Դատարանը, սակայն, բավարարել է դատախազների՝ տղամարդուն մահապատժի դատապարտելու պահանջը, որոնք մատնանշել են, որ ամբաստանյալը հանցագործությունը կատարել է բանտից դուրս գալուց մոտ մեկ տարի հետո, որտեղ նա իր պատիժն է կրել մեկ այլ հանցագործության համար:

Չինաստանում այս պատմությունը հասարակական մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ մարդկանց խիստ բարկացրել էր չնչին պատճառով երեխայի սպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել