1in.am-ը գրում է.

Բուլղարահայ Կարո Եղնուկյանը, որը Պարույր Հայրիկյանի վստահված անձն էր, նրա մտերիմ ընկերը, այսօր կանգնած է Նախախորհրդարանի կողքին և Փակ շուկայի պաշտպանության մասին հայրենասիրական քարոզներով է հանդես գալիս, այն դեպքում, երբ մի որոշ շրջան ապրել է Բաքվում: Այս մասին այսօր ասուլիսում ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:

«Ես կողմ եմ, որ Փակ շուկան մնա Փակ շուկա` արդեն վերանորոգված վիճակում, ճարտարապետական նոր շնչով: Ես ինքս էլ դեմ եմ, որ տարածքը ծառայի որպես սուպերմարկետ: Բայց միաժամանկ հարցնում եմ` ո՞ւր էին այդ ակտիվիստները ու Եղնուկյանը, երբ Փակ շուկան կռիսանոց էր: Հիմա ի՞նչ անեինք` թողնեինք կռիսանոց էլ մնա՞ր: Պայքարի ուրիշ ճանապարհ պետք է ընտրել, քան բախումներ հրահրելն է, քանի որ բախումները կարող են մի օր վերաճել Մարտի 1-ի»,- ասաց նա:

Անի Զախարյանը հայտարարեց, որ ՀՀԿ անդամ է եղել, սակայն դիմումի համաձայն հեռացել է այդ քաղաքական ուժից: «Գտա, որ ես նրանց կողքը մնալու կարիք չունեմ: Ինչքա՞ն կարող էի դիմանալ ստիպողական գործին: Երեք տարի ՀՀԿ անդամ եմ եղել, բայց միշտ էլ իմացել եմ, որ քաղաքական այդ ուժը սխալ է գործում: Այսօր էլ ՀՀԿ-ականներին այլ բան չի հետաքրքրում, քան անձնական ապահովությունը, ԱԺ-ում նստած մարդիկ Հայաստանի բարեկեցության ուղղությամբ ոչինչ չեն անում»,- ասաց նա` հավելելով, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը մտահոգ է Հայաստանի ապագայով:

«Առաջին լրատվական»-ի հարցին` մտադիր չէ՞ հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը, Անի Զախարյանը պատասխանեց, որ որքան էլ հասարակական-քաղաքական ակտիվ կյանք ծավալի, միևնույն է, եթե հասարակությունը չցանկանա, ինքը չի առաջադրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել