Aysor.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում դարձյալ մասսայական հրաժարական է սպասվում: Այս անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել գյուղի միակ մանկապարտեզի աշխատակազմը:
Բանն այն է, որ ավելի վաղ փոխվել է մանկապարտեզի տնօրենը և արդեն նախկին տնօրեն Մաքրուհի Ազարյանին փոխարինել է Սուսաննա Հովհաննիսյանը:
«Այո, այն տեղեկատվությունը, որ մանկապարտեզի տնօրենը փոխվել է համապատասխանում է իրականությանը: Միայն թե բանն այն է, որ նախկին տնօրենը հեռացվել է սեփական դիմումի համաձայն, որը նա ներկայացրել էր նաև նախկին գյուղապետին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը:
Գյուղապետից հետաքրքրվեցինք` նախկին տնօրենը դիմումում չի՞ պարզաբանել իր հեռանալու պատճառը.
«Ոչ, ցանկացել է հեռանալ` դիմում է ներկայացրել»:
Գյուղապետը հաստատեց նաև այն տեղեկատվությունը, որ մանկապարտեզի աշխատակազմի զգալի մասը չի ցանկանում աշխատել նոր տնօրենի հետ.
«Բայց մի բան պիտի ասեմ, նոր տնօրենն ունի 40 տարվա մանկավարժական փորձ: Նա իդեալական տիրապետում է իր գործին` ես համոզված եմ դրանում: Միգուցե նա խիստ է ու որոշ մարդիկ չեն ուզում համակերպվել դրա հետ»,- ասաց Արթուր Մուրադյանը:
Փորձեցինք ճշտել` ի՞նչ նկատի ունի գյուղապետը խիստ ասելով, ինչին ի պատասխան Արթուր Մուրադյանը ևս մեկ անգամ նշեց, որ մանկապարտեզի նոր տնօրենը հիանալի գիտի իր գործն ու ունի մեծ փորձ:
«Հետո ասեմ` ամբողջ աշխատակազմը դիմում չի ներկայացրել, այլ դրա զգալի մասը: Ես վստահեցնում եմ, որ երեխաների ուսումնական գործընթացը այս դիմումից չի տուժի, քանի որ Պռոշյանը Հայաստանի ամենամեծ ու զարգացած գյուղերից մեկն է ու ունի բազմաթիվ խելացի երիտասարդներ, կիրթ կադրեր, ովքեր միանգամից նոր աշխատակազմ կձևավորեն»,- ասաց Արթուր Մուրադյանը:
Վերջում Պռոշյանի գյուղապետին հիշեցրեցինք, որ իր պաշտոնավարման առաջին օրերին նմանատիպ հրաժարականի դիմում էր ներկայացրել գյուղապետարանի ողջ աշխատակազմը, որից հետո նա նոր աշխատակազմ էր ձևավորել.
«Այո, բայց հիմա ամեն բան իդեալական է: Ամեն բան իդեալական էր արդեն երկրորդ օրվանից: Իմ թիմը շատ պատրաստված է: Ու մեր աշխատանքը բոլորն են տեսնում` եկեք գյուղում հարցրեք»,- ասաց Պռոշյանի գյուղապետը: