Կար-չկար` մի գյուղում մի չարսիրտ կալվածատեր կար: Նրանից ոչ հեռու ապրում էր մի գյուղացի: Սա մի խելացի, սրամիտ տղա ուներ, այնքան խելացի, այնքան սրամիտ, որ նրանով ամբողջ գյուղն էր պարծենում:
Այս բանն իմանալով` կալվածատերը հրամայեց.
- Ինձ մոտ բերեք այդ տղային: Տեսնենք ինչ խելքի տոպրակն է դա:
Տղային բերին կալվածատիրոջ տուն, իսկ կալվածատերը նոր հրաման տվեց.
- Այստեղ կանչեցեք գյուղացիներին: Որքան կարող եք շատ մարդ բերեք: Թող բոլորը տեսնեն, թե ինչ հիմարի գլուխն է այս տղան:
Գյուղացիները հավաքվեցին կալվածատիրոջ տուն եւ սրտատրոփ սպասում էին, թե ինչ է լինելու:
Կալվածատերը տղային տարավ մի շիրմայի մոտ, որի վրա մետաքսե թելերով մի հսկայական վագր էր ասեղնագործված, եւ հարցրեց.
- Տեսնո՞ւմ ես այս վագրը:
- Տեսնում են, - պատասխանեց տղան:
- Եթե դու իրոք խելացի տղա ես, փորձիր կապկպել այս վագրին, - ասաց կալվածատերը եւ ծաղրաբար քրքջաց:
Գյուղացիները գլուխները կախ գցեցին: Նրանք չէին ուզում, որ իրենց սիրելին խայտառակվի:
Իսկ տղան նայեց վագրին ու ասաց:
- Ես ինչպե՞ս կարող եմ սրան կապկպել, երբ պարան չունեմ:
- Է՜, դու խորամանկ ես, բայց ես քեզանից ավելի խորամանկ եմ, - ասաց կալվածատերը եւ դարձավ իր ծառաներին. - Էյ, պարան բերեք այս պարծենկոտին, այն պինդ պարաններից: Տեսնենք սա ինչպես է կապկպելու վագրին:
Ծառաները պարան բերին, նետեցին տղայի առաջ: Իսկ կալվածատերը կանգնել, քմծիծաղ էր տալիս:
Տղան պարանը վերցրեց, ետ քաշեց դեպի դուռը, կռացավ, պարանը երկու ձեռքով ձգեց, ու կալվածատիրոջն ասաց.
- Ես պատրաստ եմ: Հիմա դուք վագրը բաց թողեք, քշեցեք ինձ վրա ես կապկպեմ դրան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Arevelq/posts/662051537147073
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել