Պետության համար ավելի վատ բան դժվար է մտածել, քան հասարակությունը անվստահությունը դրա հիմնական ճյուղերի գործողությունների նկատմամբ ու հատկապես արդարադատության համակարգի: Ինչո՞ւ հատկապես արդարադատության համակարգի. շատ պարզ՝ երբ կա վստահության ճգնաժամ  երկրում արդարադատություն իրականացնող մարմինների գործողությունների նկատմամբ, ապա կա ճգնաժամ ընդհանրապես Արդարության նկատամամբ, իսկ երբ երկրում արդարություն չկա, դա վաղ թե ուշ բերում է համակարգի կոլլապսի՝ դոմինոյի էֆֆեկտով:
Այդ վստահության ճգնաժամը մի քանի փուլ ունի և Հայաստանում արդեն կարծես թե վերջնականապես հասել ենք երկրորդ փուլին: Մի բան է, երբ մարդիկ չեն վստահում, որ դատական ու իրավապահ մարմինները կարող են արդար հետաքննություն ու դատավարություն իրականացնել: Նման սկեպսիս կարելի է տեսնել գրեթե ցանկացած երկրում, անգամ եթե այնտեղ ամեն ինչ իդեալականին մոտ է: Սակայն արդեն լրիվ այլ հարթությունում է գտնվում այն իրավիճակը, երբ մարդիկ վստահ են, որ արդարադատությունն իրենց երկրում ընտրովի է և միևնույն օրենքը տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների վրա գործում է տարբեր կերպ, իսկ երբեմն էլ ընդհանրապես չի գործում:

Ցավոք սրտի, վերջին մի քանի ամիսների ընթացքում մեզ մոտ նման դեպքերը գնալով հաճախակիանում են, ինչը բերում է վստահության առանց այն էլ ցածր սանդղակի անկման: Երբ երկրի քաղաքացին տեսնում է, որ մի քանի տարով ազատազրկվում է հասարակ քաղաքացի, որը ընդհարում է ունեցել ոստիկանի հետ և նրա բոլոր բողոքարկումները մերժվում են, իսկ միևնույն միջոցին, ընդամենը մի երկու ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ են արձակվում մարդասպանի, որոովհետև նրա հայրը նախկին մարզպետ է, քաղաքացին չի կարող դատական համակարգի քայլերին կասկածամտությամբ չվերաբերվել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից սովորական մարդու նկատմամաբ կայացված դատավճիռը կասկած չի հարուցի, եթե նա հանցագործությունը գործի ուղիղ եթերում՝ հազարավոր մարդկանց աչքերի առջև, իսկ մյուս կողմից, ցանկացած իշխանավորի, կամ մեծահարուստի, կամ նրա մերձավորների ընկալում են որպես օրենքի նկատմամբ անձեռմխելիություն ունեցողի: Սա բերում է նրան, որ էլավելի է լայնանում այն հսկայական սոցիալական անջրպետը, որ գոյացել է հասարակության ու վերնախավի միջև վերջին 15-20 տարիների ընթացքում:

Ընդհանրապես, քաղաքագիտությունն ու պատմությունը վաղուց ապացուցել են, որ պետության արդյունավետությունը կախված է իշխանության 3 ճյուղերի տարանջատումից և դա պատահական չէ: Հենց այս մեթոդն է արդյունավետ, որովհետև գոնե տեսականում, օրենսդիր, գործադիր ու դատական ճյուղերը կոչված են իրար վերահսկելու ու հավասարակշռելու: Եթե ստեղծվում է մի իրավիճակ, երբ դատական ճյուղը արդեն ընկալման այնպիսի խորը ճգնաժամ ունի, որ մարդիկ անգամ էպոսագետին են պատրաստ «քաղբանտարկյալի» կարգավիճակում ընկալել, նշանակում է, որ մեր դատական համակարգը արդեն մահամերձ է: Նշանակում է նաև այն, որ մյուս երկու ճյուղերը ոչ միայն ոչինչ չեն անում դատական համակարգը առողջացնելու համար ու դրա նկատմամբ վստահությունը վերականգնելու առումով, այլև իրենք էլ ակտիվ մասնակցությունն են ունենում դրա հետագա վարկաբերկման ու այլասերման հարցում՝ արդարությունը պահպանող համակարգից այն վերածելով անհնազանդներին դաստիարակող և յուրայիններին պաշտպանող ուժային մահակի:

Ի վերջո, վերադառնալով արդարություն ասվածին, պետք է հիշել, որ անկախ թե ինչպիսին է երկրի ֆինանսատնտեսական վիճակը, մարդիկ գաղթում-փախչում են երկրից ոչ այնքան փող չունենալու, այլ հուսահատության պատճառով, իսկ հուսահատությունը արդարության բացակայության դեպքում դրա տեղը զբաղեցնող տարրն է: Ի վերջո, պատմական նախադեպեր ունեցել ենք ու ոչ վաղ անցյալում, երբ բարդ սոցիալական պայմաններում մեր ազգը ոչ միայն չի փախչել իր երկրից, այլև մնացել ու բազմացել է, որովհետև եղել է հույս վաղվա օրվա հանդեպու ու հավատ՝ այսօրվա: Մյուս կողմից էլ, եղել են նախադեպեր, երբ արդարության բացակայությունն ու հուսահատությունը բերել են խայտառակ արդյունքների. միայն ալեքսանդրոպոլցիների՝ թուրքական զորքերին աղ ու հացով դիմավորելու օրինակն արդեն ամեն ինչ արժե: Մնում է մերոնք էլ հետևություններ անեն այդ պատմական դասերից ու սթափվեն, քանի դեռ ուշ չէ ու նոր թշնամական բանակներ չեն ներխուժել մեր երկրի մատույցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել