Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված փաստաթուղթը որոշակի ուղղություններում ներկայացնում էր հնարավորությունների որոշակի սահմանափակ դաշտ, որի պայմաններում Հայաստանը ու ԱՄՆ-ն կարող են իրենց հարաբերությունները խորացնել. եթե սա տեղի ունենար նորմալ իրավիճակներում և նորմալ իշխանությունների պայմաններում, ապա կարելի էր բովանդակային առումով ամբողջության մեջ գնահատել հնարավոր շահերը, որը կարող էր ստանալ Հայաստանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության կանոնադրությանը:
«Կարելի կլիներ հասկանալ, թե ինչքանով է դա բխում և ռեգիոնալ, և աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանի շահերից, բայց տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններին և ՀՀ-ում տարբեր երկրների շահեր ներկայացնող խմբերին պետք էր մի թուղթ, որը պետք է նրանց հնարավորություն տար հիմնավորելու, այսպես ասած, հակառուսական քաղաքականությունը կամ Ռուսաստանի հետ ասոցացվող տարբեր կառույցներից Հայաստանի հետագայում դուրս գալու այդ պրոցեսը։
ՌԴ-ից հնչող հայտարարությունների ֆոնին շատ ակնհայտ է դառնում, որ այդ փաստաթուղթը ոչ թե քննարկվում է իր բովանդակային առումով, կամ ՀՀ քաղաքացիների բարեկեցության, պաշտպանվածության տեսանկյունից, այլ դա առավել շատ դարձել է շահարկումների առարկա Արևմուտք և Ռուսաստան փոխհարաբերություններում։
Դա պատահական չի եղել, դա բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից, որտեղ խնդիրները ոչ թե դրված են քաղաքական հաշվարկների հիման վրա, այլ խնդիրները բացառապես քննարկվում են տարբեր երկրների դիմակայությանը Հայաստանի մասնակցության առումով»,- հայտարարեց Աբրահամյանը:
Նա նկատեց, որ կոնկրետ պաշտպանվածության տեսանկյունից այդ փաստաթղթում ներառված դրույթները, քաղաքական և ռազմական ոլորտում խորհրդատվության մասով, ռազմական կրթության, ուսուցման և այլն, դրանք որոշակի ծավալով նախորդ իշխանությունների ժամանակահատվածում իրականացվել են, այդ թվում նաև Հայաստանի տարբեր ռազմական մասնագետների, սպաների, փորձագետների ԱՄՆ այցերով, կրթական տարբեր ծրագրերում մասնակցությամբ:
«Այն, ինչ որ նշվեց Հայաստանի սահմանին որոշակի խմբերի աշխատանքի առումով, դրանք, ըստ էության, դեռևս որևէ բան չեն ասում, ոչ փորձագիտական ոչ էլ առավել ևս հասարակության լայն խմբերին: Հստակ չէ, թե այդ աշխատանքը ինչ բնույթ է կրելու, ինչ խորությամբ:
Օրինակ, սահմանապահ ծառայության մասով ԱՄՆ-ն նախորդ տասնամյակում բավականին մեծ սատարում և աջակցություն են ունեցել ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի և սպառազինության, տարբեր սարքավորումներով վերազինելու առումով: Այսինքն եթե սա քննարկում ենք Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության տեսանկյունից, ապա դրա տարբեր դրսավորումները այլ փաստաթղթերով կարգավորվել և իրականացվել է։ Խորությունը այս փաստաթղթով որևէ ձևի ներառված չէ և պարզ չէ, թե սա ընդհանուր անվտանգային միջավայրի համար ի՞նչ կարող է տալ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Նա նկատեց, որ այս փաստաթուղթը կքնվել է հեռացող վարչակազմի պայմաններում, և դեռևս պարզ չէ, թե հաջորդ վարչակազմը ի՞նչ մոտեցում կունենա և այս փաստաթուղթը ինչպիսի իրացում կունենա ՀՀ- համար։
Աբրահամյանի խոսքով, Հայաստանը պետք է այնպես անի, որ իր որեւէ քայլ չդիտվի այլ երկրների կամ այլ դաշինքների դեմ ուղղված գործողություն. «Մոսկվայից հնչող հայտարարությունները խոսում են դրա մասին: Իհարկե սա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև այս պահին եղած հարաբերություններում վստահությունը բավականին ցածր մակարդակում է և նույնիսկ չնչին հարցերը, որոնք չեն քննարկվում, առաջացնում են բավականին կոշտ արձագանքներ»: