1in.am-ը գրում է.

Օգոստոսին գները բարձրացել են 0.3%-ով, այն դեպքում երբ անցած տարվա օգոստոսին գները իջել էին 0.4%-ով, իսկ 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%:

Իսկ ի՞նչ գնային փոփոխություններ են սպասվում առաջիկա ամիսներին: Այս հարցին պատասխանել է ԿԲ խորհուրդը, ըստ որի մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող մակարդակին: Այստեղ պետք է նշել, որ գնաճի թույլատրելի միջակայքը 4±1.5%-ն է:

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը շարունակել են դանդաղել, իսկ հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գները իջել են: Այսինքն, ստացվում է, որ արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն սպասվում:

Հաշվի առնելով այն, որ արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումներն ու տնտեսական ակտիվությունը թուլանում են, Խորհուրդը որոշել է պահել դրամավարկային այժմյան պայմանները: Այսինքն, վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է 8.5 տոկոս մակարդակում: 

Նշենք, որ պարզ ասած, սա այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը գումար է տալիս առևտրային բանկերին, և դա ԿԲ հիմնական գործառույթն իրականացանելու, այսինքն՝ գների կայունությունը պահպանելու հիմնական գործիքն է: 

Խորհուրդը կանխատեսում է, որ գնաճը աստիճանաբար կնվազի, ինչի դեպքում էլ նոր թուլացնեն դրամավարկային պայմանները: Հիշեցնենք, որ մոտ 2 տարի 8 տոկոս մակարդակում պահպանվելուց հետո, վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 8.5 տոկոս բարձրացվել է անցած ամիս, քանի որ գնաճի մակարդակը թույլատրելիից բավական բարձր էր :

Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալն է . երբ գնաճը բարձր է լինում, ապա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նվազեցնում է տնտեսության մեջ դրամի զանգվածը, ինչն էլ պարզ ասած, պետք է հանգեցնի գների անկման : Սակայն, առաջիկայում ԿԲ կանխատեսում է, որ գնաճի մակարդակը կնվազի, այսինքն՝ սպասվում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նորից կիջնի ավանդական 8 տոկոս մակարդակին :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել