1in.am-ը գրում է.

Առաջարկ-պահանջարկի օրենքը կաթի շուկայում, կարծես թե, չի գործում: Չնայած նրան, որ համաշխարհային շուկայում անարատ կաթի առաջարկը մեծացել է, գինը չի նվազել: Այսպես, ԵՄ 15 երկրներում, Եվրոստատի տվյալներով, կովի կաթի արտադրության ծավալները 2009-2012թթ. ավելացել են 3,7%-ով: 

Միաժամանակ, ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության (FAO) տվյալի, այս տարվա հունիսին՝ անցած տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքը թանկացել է 4,8%-ով, իսկ միայն կաթնամթերքը` 37,8%-ով: 

Գրեթե նույն իրավիճակն է նաև Հայաստանում, միայն մի տարբերությամբ. այստեղ թարմ կաթը թանկանում է ավելի արագ, քան կաթնամթերքը: 

Միջազգային շուկայում անարատ կաթի թանկացմանը զուգահեռ բարձրացել են չոր կաթի գները. անցած տարվա համեմատ` 50%-60%-ով: 2011թ-ից ի վեր՝ կարագի գինը բարձրացել է ավելի քան 40%-ով, որից 20%-ը՝ վերջին ամիսներին: 

Գների այսչափ բարձրացումը ստիպել է տարբեր երկրների կառավարություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել կաթնարտադրողներին, գյուղացիներին և իհարկե սպառողներին աջակցելու համար:

Օրինակ, Ռուսաստանում կաթ վերամշակող ընկերությունները պատրաստի արտադրանքի գները բարձրացրել են ապրիլի 1-ից և արտադրողներից չստանալով էժան կաթ, իշխանություններին ծանուցել են աշնանը դրանց գների նախատեսվող ևս մեկ բարձրացման մասին: Եվ այս գնաճը մեղմելու ու ոչ մի կողմին վնաս չհասցնելու համար, հաշվի առնելով ոլորտի կարևորությունն ու սոցիալական ուղղվածությունը, Ռուսաստանում պետությունը սուբսիդավորում է գյուղացիական տնտեսությունների և արտադրողներին վառելիքի, պարարտանյութերի և բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի մի մասը: 

Իսկ Վրաստանում, որտեղ կաթնամթերքի գները 20-30%-ով բարձր են հայաստանյան գներից, կաթնարտադրության ոլորտում թույլատրված է օգտատգործել բուսական յուղեր, ինչն իհարկե իջեցնում է ինքնարժեքը և մեղմում գնաճը:

Հայաստանում կաթի արտադրության սեզոնայնությունն այս տարի չի ազդել մթերման գների նվազման վրա: Օգոստոսին կաթի մթերման գինը 170 դրամ էր, այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակում 120 դրամ էր:

Ու չնայած մայիսյան թանկացմանը, համաշխարհային միտումները հուշում են, որ հավանական է ևս մեկ թանկացում, և կառավարությունը պետք է պատրաստ լինի քայլեր ձեռնարկել: Իհարկե այստեղ կարելի է որդեգրել նաև Վրաստանի ու Ռուսաստանի փորձը, բայց կարելի է մշակել նաև երեք կողմերին` սպառողին, գյուղացուն ու արտադրողին, աջակցելու սեփական տարբերակը: Օրինակ, կարելի է կաթ վերամշակող ընկերություններից գանձվող ԱԱՀ-ն 20 տոկոսից իջեցնել մինչև 10 տոկոս, ինչը կպակասեցնի արտադրողների ծախսերը, հետևաբար` կմեղմի գնաճը: 

Ի դեպ այսպիսի պրակտիկա կիրառվում է և՛ Վրաստանում, և՛ Ռուսաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել