Թուրքիան, 2011 թվականից ի վեր իր ամբողջ աշխարհին իր պատմությունն է ներկայացնում սերիալի միջոցով` «Հրաշալի դար» պատմական դրամայով:
Սերիալն երկրորդ տարին է` հեռուստացույցի առջև է պահում միլիոնավոր հեռուստադիտողների:
«Հրաշալի դարը» պատմում է օսմանյան սուլթան Սուլեյման Կանունիի կառավարման ժամանակաշրջանի` XVI դարասկզբի մասին, երբ Օսմանյան կայսրությունը մեծ զարթոնք էր ապրում:
Այն ցույց է տալիս օսմանյան բանակի հաջող արշավանքները, հաղթանակներն ու նվաճումները: Սերիալում գլխավոր կերպարներից է նաև կայսրության սադրազամ (ներկայիս վարչապետի պաշտոնն է), սերասքեր (բանակի գլխավոր հրամանատար) Իբրահիմ փաշան, որը ծագումով Հունաստանի հյուսիսային շրջանի Փարգա գյուղից էր, ձկնորսի որդի: Մանուկ հասակում նա գերի է ընկել և տարվել Մանիսայում գտնվող սուլթանական պալատ: Այնտեղ, ծանոթանալով դեռևս երիտասարդ Սուլեյմանի հետ, դարձել է նրա ամենամտերիմ ընկերը, հետագայում ստացել վերոհիշյալ բարձր պաշտոնները:
Սերիալը նաև բարձրացնում է սուլթանական հարեմի վարագույրը: Ցույց են տրվում հարեմական կյանքի բազմաթիվ մանրամասներ ու ապրումներ: Սերիալում կենտրոնական տեղ է զբաղեցնում նաև պայքարը սուլթանի կանանց միջև` նրա սիրտը գրավելու համար: Հյուրեմը` Սուլեյմանի երկրորդ կինը, թերևս Օսմանյան կայսրության պատմության մեջ հիշատակվող ամենահայտնի կանանցից մեկն է: Ունենալով ոչ թուրքական, այլ սլավոնական ծագում` նա կարողացավ դառնալ սուլթան Սուլեյմանի սիրելի կինը և այդպիսով հասնել իր բոլոր նպատակներին. ձեռք բերեց իշխանություն, դիրք, կարողացավ սուլթանական գահը ապահովել իր որդու` Սելիմի համար: Վարկած կա, որ հենց նրա պատճառով կործանվեց Օսմանյան կայսրությունը, քանի որ նրա երկրորդ որդին` Սելիմը, սուլթան դարձավ ոչ օրինական ճանապարհով (Հյուրեմի սադրանքների պատճառով սուլթան Սուլեյմանը սպանել տվեց իր ավագ որդուն` Մուստաֆային, որն էլ պետք է հաջորդեր իրեն) և քանի որ, մեղմ ասած, անտաղանդ քաղաքական գործիչ էր, կայսրությունը տարավ անկման ճանապարհով, իսկ նրանից հետո կառավարած սուլթանները նույնպես աչքի չընկան հաջողություններով:
Հարկ է նշել, որ սերիալը նկարահանված է բարձր մակարդակով. դերասանական փայլուն խաղ, սցենարային հետաքրքիր լուծումներ: Այս պարագայում զարմանալի չէ սերիալի նման հաջողությունը: Ստամբուլում սուլթանական Թոփքապ պալատը տեսնելու համար երկար հերթեր են գոյանում, տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկ կանայք, հիացած Հյուրեմ սուլթանի կերպարով, ուզում են րոպե առաջ լուսանկարվել նրա պատվին կանգնեցված աղբյուրի մոտ, ֆիլմի կանանց կրած զարդերի նմանակումները շուկայում ամենից շատ վաճառվողներից են: Սա արդեն խոսում է այն մասին, որ սերիալը մեծ ազդեցություն ունի իր լսարանի վրա և հարմար միջոց է սերմանելու որոշ գաղափարներ:
Սերիալի նկարահանման համար ծախսվում են մեծ գումարներ, այն գովազդվում է երկրով մեկ, ստամբուլյան փողոցներում կարելի է տեսնել սերիալի հերոսների հագուստներով շրջող կերպարների, բազմաթիվ պաստառներ և գովազդներ: Սա նշանակում է, որ պետությունը շահագրգռված է, որ սերիալը մեծ մասսայականություն ունենա:
Սերիալում մեզ ցույց են տալիս հզոր, հարուստ, խոշոր կայսրություն, որը գրեթե միշտ հաղթում է պատերազմներում և հաջողում դիվանագիտության ոլորտում: Սուլթան Սուլեյմանը ներկայացված է որպես ուժեղ, արդար և խելացի տիրակալ: Իհարկե, պատմական հենքով հանդերձ, շատ են նաև չափազանցությունները: Բայց քանի որ միջին կրթություն ունեցող խավը, առավել ևս արտասահմանյան հեռուստադիտողը լավ ծանոթ չէ կամ ընդհանրապես տեղյակ չէ Օսմանյան կայսրության պատմությունից, ամեն ինչ ընդունում է որպես բացարձակ ճշմարտություն:
Այն, որ սերիալն այսօր ցուցադրվում է աշխարհի 42 երկրներում, անշուշտ, խոսում է ֆիլմի գեղարվեստական մակարդակի մասին, ինչի շնորհիվ պետությունը ոչ միայն իր գաղափարախոսությունը սերմանում է սեփական ժողովրդի մեջ, ոչ միայն բարձրացնում նրա ոգին, այլև իր մշակույթն ու պատմությունը տարածում է աշխարհում այն լույսի տակ, ինչն իրեն է ձեռնտու:
Նյութը պատրաստելիս օգտվել եմ ankakh.com կայքի հոդվածներից և սերիալի պաշտոնական կայքից`velikolepnyj.ru
Հ.Գ. Մեկնաբանություններում ինձ ազգի դավաճան չհռչակեք, քանի որ եթե դու լավ գիտես քո ազգի պատմությունը, այս սերիալը կարող ես նայել միայն որպես սերիալ, և չդառնալ թուրքական պրոպագանդայի զոհ: