1in.am-ը գրում է.

Ավտովարորդների համար հրապարակվել են «Շտապ օգնություն վարորդին» բուկլետներ, որոնք հանդիսանում են ուղեցույց վարորդ-տեսուչ հարաբերություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ թվով 60000 բուկլետների հասցեատերը գազալցակայաններից և բենզալցակայաններից օգտվող վարորդներն են. դրանցից օգտվելիս վարորդները կարող են հենց տեղում վերցնել դրված բուկլետը: 

Բուկլետներում նշված է, թե ինչ կոնկրետ քայլերի պետք է դիմի վարորդը, եթե համաձայն չէ վերագրված խախտման հետ, մեքենայի աշխատանքը խաթարվել է, վարորդի կամ ուղևորի առողջական վիճակն է վատացել կանգառն արգելված տեղում, երբ տեսուչը արգելում է արձանագրության մեջ գրել վարորդի անհամաձայնությունը, երբ վարորդը համաձայն չէ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու հետ, համաձայն չէ ամրագոտին չամրակալած վիճակում երթևեկելու հետ: 

Տեսուչի անօրինական գործողությունների դեպքում ահազանգելու համար բուկլետում նշված են ՀՀ ՃՈ հերթապահ մասի, ՃՈ պետի և նրա տեղակալի համարները: 

«Արձանագրություն կազմելու համար տեսուչին պետք չէ մեղադրել. նա կատարում է իր վրա դրված պարտականությունները՝ հայտնաբերել խախտում, որոշում կայացնել՝ վարորդին տեղեկացնելով: Եթե վարորդը համաձայն չէ, պետք է արձանագրության մեջ անպայման դա գրվի, պահանջի գործին կցել տեսագրությունը: Այս դեպքում արդեն պատասխանողը ՃՈ-ն է: Եթե մեզ դիմում են, նման դատերը մենք միշտ շահում ենք, սակայն արձանագրության մեջ վարորդն անպայման պիտի նշի՝ ինչու համաձայն չէ դրա հետ»,- ասաց նա: 

Հովհաննիսյանի խոսքով՝ տեսախցիկը ՃՈ պարեկային ծառայության տեսուչը պարտավոր է միացնել իր ավտոտնակից դուրս գալիս և անջատել ծառայությունն ավարտելիս: Չի աշխատում, միացրած չէ և նման այլ արդարացումներն անընդունելի են: Նման դեպքերում տեսուչը պարտավոր է կիսատ թողնել ծառայությունը, գնալ և ավտոմեքենան կարգավորել: Բանախոսը նշեց՝ եթե առկա է ճանապարհային նշանի փոփոխություն, պետք է այդտեղ լինի վառ լույս, որը վարորդի ուշադրությունը կհրավիրի դրա վրա, մինչդեռ ոչ միշտ է դա արվում: Ճանապարհային աշխատանքների նշանը ևս պիտի դնեն, լուսավորեն, բայց չեն դնում: 

ՀԿ-ն չի ստանում կարմիր գծանշումների հետ կապված ահազանգեր, ավելին՝ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք չեն զբաղվում այդ հարցերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել