Panorama.am-ը գրում է.
Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում պարենային անվտանգության, գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և մի շարք այլ հիմնախնդիրներին:
- Պարոն Կարապետյան, եթե կարելի է, հակիրճ ներկայացրեք ընթացիկ տարվա առկա և սպասվող ցուցանիշները գյուղատնտեսության ոլորտում:
- Նախ առիթից օգտվելով` ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս անկախության 22-րդ տարեդարձի առիթով, ցանկանալ մեր երկրին խաղաղություն, հզորություն մեր տնտեսությանը և բարեկեցություն մեր ժողովրդին: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, օրերս Հայաստանի վիճակագրական ծառայության կողմից ամփոփվեցին տնտեսական ցուցանիշները, և գյուղատնտեսության ոլորտում հունվար-օգոստոս ամիսներին համախառն արտադրանքը կազմել է 467 մլրդ դրամ: Եվ մենք անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ունենք 7,8% աճ: Սա, իհարկե, լավ ցուցանիշ է, բայց դա մեզ չի հանգստացնում, որովհետև երբ մենք ուսումնասիրում ենք մեր առկա հնարավորությունները, կարող եմ ասել, որ կարող ենք այդ ցուցանիշները կրկնապատկել: Որովհետև մենք ունենք դեռևս չօգտագործված մեծ ռեզերվներ, և դրանց արդյունավետ, խելամիտ օգտագործման դեպքում կարող ենք հասնել լավագույն ցուցանիշների:
- Հատկապես ո՞ր ճյուղերն են լոկոմոտիվ հանդես գալիս Հայաստանում, ո՞ր մշակաբույսերը կամ անասնապահության կոնկրետ ո՞ր ճյուղերն են, որ ապահովում են աճը:
- Ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում չի կարելի առաջնային և երկրորդային ճյուղեր առանձնացնել: Մեզ համար բոլոր ճյուղերն էլ կարևոր են, բայց հիմնական աճը մենք կարողանում ենք ապահովել բուսաբուծության ոլորտում: Որովհետև բուսաբուծությունը նախ` բազմաոլորտ է, որի մեջ մտնում են հացահատիկային կուլտուրաների արտադրությունը, բանջարաբոստանային կուլտուրաները, պտղաբուծությունը, խաղողագործությունը. այդ բոլորն այդ ոլորտի մեջ են: Եվ հենց այստեղ մենք ունենք բավականին մեծ հնարավորություններ: Մի օրինակ բերեմ: Երբ 2011թ-ին ես սկսեցի աշխատել` որպես նախարար, հենց հունվարից, առաջին ինձ անհանգստացնող փաստը չօգտագործված հողերի մեծ ծավալներն էր, և 2011թ.-ի հունվարի 1-ին այն կազմում էր մեր ամբողջ վարելահողերի 37%-ը: Պատկերացրեք, մենք ունենք ընդամենը 448 հազար հեկտար վարելահողեր, որոնց 37%-ը չի օգտագործվում: Եվ ես առաջինը ձեռնամուխ եղա այդ խնդրի լուծմանը: Շատ դրական արդյունքներ ունենք այս երեք տարիների ընթացքում, որովհետև 37%-ից այսօրվա վիճակով արդեն իջեցրել ենք 29%-ի: Այսինքն` երեք տարվա ընթացքում մենք կարողացել ենք 35 հազար հա լրացուցիչ վարելահողեր դնել արտադրության մեջ, մշակել հողերը: Եվ այն ծրագիրը, որ մենք մշակել ենք, առաջիկա տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է հինգ տարի, որպեսզի կարողանանք մեր ամբողջ վարելահողերը կարողանանք մշակել և արդյունավետ օգտագործել: Ոչ միայն օգտագործել, այլև արդյունավետ օգտագործել, որովհետև նույն հողակտորից դու կարող ես տարբեր ծավալների բերք ստանալ` հենց հացահատիկային կուլտուրաների առումով. երբ նախորդ տարիներին ունեցել ենք 23-24 ցենտներ մեկ հեկտարից, այսօր արդեն կարողացել ենք ապահովել 31-32 ցենտներ բերք մեկ հեկտարից, իսկ հողակտորներ կան, որտեղ մենք ստանում ենք մինչև 70-80 ցենտներ:
- Դուք նշեցիք հացահատիկի դեպքում բերքատվության աճի մասին, բայց ամեն դեպքում Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանում է ինտենսի՞վ, թե՞ էքստենսիվ ճանապարհով, այսինքն` ռեսուրսներն ավելի շատ արդյունավետ օգտագործվո՞ւմ են, թե՞ աճը պայմանավորված է չօգտագործված ռեզերվների շահագործմամբ:
- Կարևորը նա է, որ ունենք երկուսի զարգացման հնարավորությունը` և էքստենսիվ, և ինտենսիվ: Ես հենց դա նշեցի, որ մենք հողակտորներ ունենք, որոնք չենք օգտագործում, դրանք կարելի է օգտագործել, և միաժամանակ ձգտում ենք բարձրացնել բերքատվությունը: Դրան նպաստեց ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը, որը մենք սկսեցինք 2011թ.-ից և շարունակելու ենք մինչև 2015թ.-ը: Այդ ընթացքում մենք Ռուսաստանից ամեն տարի գարնան և աշնան համար ներկրել ենք բարձր վերարտադրության սերմեր և տրամադրել ենք գյուղացիական տնտեսություններին: Այս տարի նույնպես ամբողջ պահանջարկը բավարարվում է: Բացի դրանից, այն նյութական ռեսուրսները, որոնք օգտագործում ենք գյուղատնտեսության մեջ, դրանք են պարարտանյութերը, թունաքիմիկատները և այլն, դրանք մենք ազատեցինք ավելացված արժեքի հարկից, և պետական ծրագրով մենք դիզելային վառելիքը և ազոտական պարարտանյութը ամեն տարի` գարնան և աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար, գյուղացիական տնտեսություններին տրամադրում ենք շատ մատչելի գներով, շուկայականից մինչև 30% ցածր գնով: Դա բերեց մեր արտադրության ծավալների ավելացմանը, տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Եվ ոչ միայն տնտեսական, այլև պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, որովհետև մենք ունենք ավելի կարևոր խնդիր` դա մեր երկրի պարենային անվտանգության խնդիրն է, որը այսօր մեր առջև ծառացած է: Տարածաշրջանում մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ թշնամիներով շրջապատված ենք, և մեզ անհրաժեշտ է մեր պարենային անվտանգության մակարդակը բարձրացնել, որն այժմ կազմում է մոտ 60%: Գլխավոր պարենային ապրանքների գծով մեր երկիրը ինքնաբավ է 60%-ով: Հիմա մենք ուզում ենք մինչև 2020թ.-ը ապահովել 80%-ով: Դրա համար մենք մշակել ենք պարենային անվտանգության ապահովման հայեցակարգ, որը մեզ համար ուղեցույց է, և ամեն տարի մենք ծրագրեր ունենք, որոնք իրականացնում ենք այդ ուղղությամբ:
-Պարոն Կարապետյան, եկեք հողերի թեման ավարտենք: Դուք նշեցիք, որ հնարավոր է եղել չօգտագործված վարելահողերի 37% տեսակարար կշիռը իջեցնել մինչև 29%: Բայց փաստ է, որ Հայաստանում կան բազմաթիվ սեփականատերեր, ովքեր ընտանիքներով բացակայում են երկրից, և դրանց մեծ մասը հենց գյուղաբնակներն են: Այսինքն` կան հողակտորներ, որոնց փաստացի սեփականատերերը երկրում չեն: Ի՞նչ լուծումներ կան այս առումով, որպեսզի այդ հողերը ևս ներգրավվեն շահագործվող հողատարածքների մեջ:
-Իհարկե, այդպիսի խնդիր կա: Մեզ հատկապես մտահոգում է Արարատյան դաշտավայրի այն հողակտորները, որոնք չեն մշակվում, որովհետև մեր ամենաբերրի հողերը հենց Արարատյան դաշտում են, հիմնականում այնտեղից ենք ստանում բարձր բերքը: Այդ ուղղությամբ օրենսդրական խնդիրը լուծված է, այդ խնդիրը վաղուց է եղել, կարգավորվում է օրենքով, բայց ոչ մի համայնք այդ քայլին չի դիմում: Հողային օրենսգրքով նախատեսված է, որ եթե մի տնտեսությունը երեք տարի նպատակային չի օգտագործում հողը, համայնքը իրավունք ունի այդ հողը վերցնել: Բայց հաշվի առնելով, որ մեր համայնքները փոքր համայնքներ են, մեկը մյուսին բարեկամ, ծանոթ, ընկեր են, չեն ուզում մեկը մյուսին վատություն անել: Բայց մենք այդ հարցը սրում ենք, և առաջիկայում այդ հարցին, իհարկե, անդրադառնալու ենք ավելի լուրջ, որովհետև կա հանրապետության նախագահի հանձնարարականը, հենց 2011թ-ից, որ մենք մեծ ուշադրություն դարձնենք չմշակվող հողերի արդյունավետ օգտագործմանը:
-Արարատյան դաշտում իսկապես փոքր հողակտորներով հնարավոր է արդյունավետ, եկամտաբեր գյուղատնտեսական գործունեություն ծավալել, բայց հայտնի է, որ բարձր լեռնային գոտիներում հողից եկամտաբերությունն այդքան էլ բարձր չէ և փոքր հողակտորներ մշակելը արդյունավետ չէ տարբեր պատճառներով: Չե՞ք կարծում, որ հողերի խոշորացման խնդիր կա և նաև այդ համատեքստում կարելի է լուծել չօգտագործվող հողերի խնդիրը` առանց սեփականատերերից այն օտարելու, պարզապես ընդգրկելով ավելի խոշոր տնտեսությունների մեջ` փայատերերի ձևով կամ կոոպերատիվների մեջ: Նման լուծումների մասին մտածո՞ւմ եք:
-Իհարկե մտածում ենք: 2011թ.-ից ես այդ հարցը բարձրացրել եմ` հողերի խոշորացման, միավորման, կոոպերացիաների ստեղծման խնդիրը, որը մեզ համար այսօր համարել ենք գերակա խնդիր: Մեր գյուղատնտեսական ոլորտի համար դա գերակա խնդիր է: Կառավարությունում մենք ներկայացրել ենք կոոպերատիվների կազմակերպման հայեցակարգը, առաջիկայում հարցը կքննարկվի, և մենք այդ հայեցակարգը կունենանք և կսկսենք աշխատել: Բայց մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել և արդեն երրորդ տարին է` այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում: Մեր հանրապետությունում կա 340 հազար մանր տնտեսություններ, որոնք հիմնականում զբաղված են իրենց սեփական խնդիրների լուծմամբ, դրանք բնատնտեսություններ են, որոնք սոցիալական խնդիրներ են լուծում: Մենք այս 3 տարիների ընթացքում կարողացանք որոշակիորեն կայունացնել տնտեսությունը և հիմա ցանկանում ենք զարգացման փուլի մեջ մտնել: Իսկ երբ մենք վերլուծում ենք, այս մանր տնտեսություններով արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնել չենք կարող: Մեր առաջնային խնդիրն է այդ տնտեսվարման ձևերը կատարելագործել: Առաջինը` դա միավորումների ստեղծումն է, միավորվեն մարդիկ համատեղ աշխատանք կատարելու համար: Երբ որ ես առաջին անգամ 2-3 տարի առաջ այդ մասին խոսեցի, ինձ լրատվամիջոցները սկսեցին քննադատել, ասացին նոր մարդ է եկել, ուզում է կոլխոզները վերականգնի, բայց սրանք տարբեր բաներ են: Ես կոլխոզներին կտրուկ դեմ են, և դա անհնարին է վերականգնել: Մենք ուզում ենք` մարդիկ համախմբվեն և միավորվեն իրար հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար, ինչը բերելու է իրենց եկամուտների ավելացմանը: Այդ առումով մենք արդեն դրական տեղաշարժեր ունենք: Մենք ունենք անասնապահության ոլորտում համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը: Սա հիմնականում ուղղված է լեռնային արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը: Մենք եթե ուզում ենք անասնապահությունը զարգացնել, առաջին հերթին պետք է ունենանք կերի բազա, իսկ մենք շատ հարուստ ենք լեռնային արոտավայրերով: Մենք այսօր ունենք 1 միլիոն 56.000 հա արոտավայրեր, որի միայն 20% է օգտագործվում: Մենք այստեղ ունենք շատ մեծ ռեզերվներ: Այդ առումով, այդ ծրագրի իրականացումը թույլ է տալիս, որ մեր արոտների և կերային բազայի ստեղծման հիման վրա զարգացնենք անասնապահությունը: Հիմա մենք այդ ծրագիրը իրականացնում ենք 6 մարզերի 55 համայնքներում, արդեն կազմակերպված են և հիմքում դրել ենք կոոպերացիաների ստեղծումը: Այն համայնքներում, որտեղ այդ անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները կմիավորվեն և կոոպերացիա կկազմակերպեն, որը կոչվելու է արոտօգտագործողների միություն, այդտեղ մենք այդ ծրագրերը կիրականացնենք: Արդեն ունենք ստեղծված 55 կոոպերատիվներ և ընդամենը մի քանի օր առաջ, եթե հետևում էիք, հանրապետության նախագահը Գեղարքունիքի մարզում էր, այնտեղ եղանք 2 կոորեպատիվներում: Մարդիկ մեծ գոհունակություն են հայտնում այդ ծրագրից. 2 կով ունեմ, ասում են, այն ժամանակ մի 15 լիտր կաթ էի ստանում, այդ կաթը ես չէի կարողանում իրացնել, լցնում էի ջուրը, իսկ կոոպերատիվներով մենք ունենում ենք 3 տոննա կաթ, այդ 3 տոննայի պարագայում մենք մեր պահանջներն ենք ներկայացնում մթերողին, մենք ասում ենք` 150-ից պակաս չենք տա, այնքան գոհ ենք, որ կոոպերացիաների ստեղծումից հետո մենք 150 դրամով կաթ ենք վաճառում`գումարն էլ անմիջապես տալիս են: Սա նպաստեց, որ գլխաքանակը ավելանա, մարդկանց եկամուտները ավելացան, սկսեցին գլխաքանակը ավելացնել: Մենք հունվարի 1-ով 10.3%-ով խոշորի գլխաքանակը ավելացրել ենք. ունենք 661.000 խոշոր եղջերավոր կենդանիներ: Մանր եղջերավորի գլխաքանակը ավելացավ, այսօր ունենք 675.000` 14.3%-ով ավելի: Բացի դա, մենք կոոպերատիվներին տալիս ենք տեխնիկա և սերմեր: Մենք լեռնային արոտավայրերը ջրարդիացնում ենք, որ անասնագլխաքանակը հեռավոր արոտավայրերում պահեն: Դա գյուղացիները շատ լավ հասկանում են, մենք նրանց տվել ենք տեխնիկա, խոտհնձիչ մեքենաներ, տուկ անող մեքենաներ, տրակտորներ: Այդ ամբողջն ունեն, և դրանով կարողանում են իրենց ձմեռվա անասնակերը ապահովել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ