1in.am-ը գրում է.

«Ռադիո Հայ» ՍՊԸ խմբագրությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում անցկացնել արտահերթ ստուգումներ։ Այդ կապակցությամբ, ս․թ․ սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահն արձակել է հանձնարարագիր` համաձայն որի «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում և ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվի արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրում։ Ընդ որում, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում այդ չափագրումները պետք է ներառեն ժամանակահատված՝ սկսած 2009թ. հունվարի 1-ից:

Քանի որ այդ հանձնարարագրում կոնկրետ նշված չէր ռադիոկայանի գործունեությանը վերաբերվող առարկան և նրա չափագրման եղանակը, ռադիոկայանի տնօրինությունը օրենքով սահմանված կարգով արգելել է ուսումնասիրության իրականացումը։ Ռադիոկայանի աշխատակազմը գտնում է, որ պետեկամուտների կոմիտեի գործողությունները անօրինական են, հանդիսանում են միջամտության փորձ անկախ ԶԼՄ-ի աշխատանքին և ուղղված են Հայաստանում խոսքի ազատության սահմանափակմանը։

Այդ կապակցությամբ, ի նշան բողոքի, ռադիոկայանի աշխատակազմը մինչև ս․ թ․ հոկտեմբերի 4-ը ներառյալ հայտարարում է գործադուլ։ Ամեն աշխատանքային օր, ժամը 12-ից սկսած, մեկ ժամով կդադարեցվի «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերի սպասարկումը, իսկ մյուս ժամերին` կիրականացվի ավտոմատացված եղանակով»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել