Գյուղացիներն ահազանգում են. Դաշտերը չորանում ենPanorama.am-ը գրում է.

Բանջարեղենի բարձր գնից մայրաքաղաքի բնակիչները վերջերս շատ են դժգհում: Երևանյան խանութներում այս օրերին 1 կգ պոմիդորի գինը 250-680 դրամ է, կարմիր պղպեղը` 350-400, սմբուկը` 200-300 դրամ, կաղամբը 120-150, կանաչ լոբին 280-400 դրամ… 

Տարիներ շարունակ պահածո պատրաստող տանտիրուհիներից մի քանիսի խոսքով, նման թանկության պայմաններում իրենք նախընտրում են բանկաները դատարկ թողնել` հույսը դնելով գործարաններում պատրաստվածի վրա: 

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում անցյալ տարվա օգոտոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 32.7% գնաճ, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`10.7% գնանկում: Վերջինս, ըստ ծառայության, հիմնականում պայմանավորվել է սմբուկի` 68.6%, լոլիկի` 33.6%, կանաչ պղպեղի` 31.9%, կաղամբի 20.2%, սխտորի` 19.4%, խառը կանաչեղենի` 18.2%, վարունգի` 14.6%, ճակնդեղի` 12.0%, գազարի` 11.6% գնանկումով: Դատելով բանաջարեղենի ներկա գներից, գնանկման միտումը ոչ միայն չի պահպանվել, այլև արագ վերածվել է գնաճի:

Հիշեցնենք, որ այս գարնանը տեղացած առատ կարկուտը մեծ վնաս էր հասցրել Արմավիրի հողօգտագործողներին:

Իսկ Արարատի մարզի Տափերական գյուղի հողօգտագործողները Panorama.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ դաշտերը վառվել են, բերքն էլ որդնել: 

«5-6 անգամ թույն ենք առել, սրսկել: Բայց բերքն առողջ չէ»,-դժգոհեց գյուղացիներից Ազատը, մտավախություն հայտնելով, որ թույնը ժամկետանց է եղել: 

Չնայած դրան, այս տարի ապրանքի իրացման գնից գյուղացիները գոհ են: Նրանցից շատերը վերավաճառողների հետ պայմանավորվել են, երկու օրը մեկ կամ օրը մեջ գալիս են հենց դաշտից մի քանի հարյուր կիլո ապրանք տանում:
«Դաշտից օրինակ պոմիդորը վաճառում ենք 100-120 դրամով»,-ասաց տիկին Արևիկը, ավելացնելով, որ նախորդ տարի 3 անգամ ավելի պակաս գնով էին ծախում:

Այս տարի գործարանն էլ գյուղացիներից ավելի բարձր գնով է ընդունում: Օրինակ,«Արտֆուդ»-ից Panorama.am-ին հայտնեցին, որ այս տարի պոմիդորի մեկ կիլոգրամը մթերում են 40-150 դրամով` կախված որակից, իսկ սմբուկը` 100 դրամով: Հավաստեցին, որ 150 դրամով պոմիդոր ընդունել են: Այլ մանրամասներ, ասացին, չեն կարող տրամադրել:

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսություն ու բնապահպանության վարչության նորանշանակ պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ խնդրին տեղյակ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել