Հայ զբոսաշրջիկները սիրում են հանգստանալ օտար երկրներում և վերջին տարիներին ուրվագծել են ֆավորիտ ուղղությունները՝ Եգիպտոս, Դուբայ, անփոխարինելի Վրաստան։ Սրան զուգահեռ, մեր հայրենակիցները նաև սկսել են նախընտրել այցելել ոչ միայն հետաքրքիր ու մատչելի, այլև էկզոտիկ ու հեռավոր երկրներ։
«Այս տարի ևս ակտուալ է մնում Եգիպտոսը, սակայն, Դուբայի ուղղությունը փոխարինվել է ավելի շատ Աբու Դաբիով, քանի որ արդեն կա ուղիղ թռիչք «Wizz air»–ով, որն ավելի մատչելի է, ինչպես նաև, Աբու Դաբիում շատ են զվարճանքի վայրերը, երեխաների համար ատրակցիոններով լի այգիները»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց «Luna tour» տուրիստական գործակալության աշխատակիցը։
Տուրիստական գործակալություններում վստահ են՝ հայ զբոսաշրջիկների նախասիրությունները փոխվել են։ Մարդիկ սկսել են ընտրել հետաքրքիր զբոսաշրջությունը. օրինակ՝ շատ են սկսել համատեղել համերգները և զբոսաշրջությունը, կամ սպորտային միջոցառումներն ու տուրիզմը։
Տուրիստական գործակալություններում էկզոտիկ երկրներից առանձնացնում են Բրազիլիան, Աֆրիկայի տարբեր երկրները՝ Մարոկկոն, Թունիսը, նաև ասիական հայտնի ուղղությունները՝ Վիետնամը, Մալայզիան, Սինգապուրը, Շրի Լանկան, Բալին, Չինաստանը, Ճապոնիան։
«Հայերը սկսել են հետաքրքրվել էկզոտիկ երկրներ այցելելով, 2024-ին մեզ մոտ բավականին ակտուալ էր Մարոկկոյի ուղղությունը, Շրի Լանկան, Բալին, Չինաստանը, նաև Ճապոնիան»,– ասաց նա:
Ամանորը Հայաստանում նշում են մեծ շուքով՝ առատ ու հարուստ սեղաններով, բազմաթիվ հյուրերով, պես-պես նվերներով։ Բայց կան նրանք, ովքեր սիրում են նշել տոները ոչ թե տանը և ավանդական իրար տուն հյուր գնալով, այլ՝ արտերկրում։ Եվ, ի դեպ, շատ դեպքերում ավելի մատչելի է մեկնել այլ երկիր, քան տոնական օրերն անցկացնել Հայաստանի որևէ անկյունում:
Չնայած, որ Միացյալ Արաբական Էմիրություններն ու Եգիպտոսը շարունակում են մնալ հայ ժողովրդի ֆավորիտ երկրները Ամանորն անցկացնելու համար, ըստ տուրիստական գործակալությունների՝ այս տարի համեմատաբար քչացել է այս ուղղություններով այս օրերին զբոսաշրջիկների հոսքը։
«Իմ կարծիքով՝ այս տարի ավելի քիչ են գնում Ամանորին արտերկիր, ցանկանում են տանը նշել, չնայած, որ նույն Եգիպտոսի տուրերն ամբողջովին սպառված են, իսկ հյուրանոցներում գրեթե տեղ չկա, սակայն, նկատելի է, որ հայերը ցանկանում են տանը նշել տոները»,– ասաց մեր զրուցակիցը։
Խնդիր է շարունակում մնալ նաև վիզա ստանալու հարցը, որը ՀՀ քաղաքացիների համար լուրջ բարդություններ է առաջացնում, թեև շատ տուրիստական գործակալություններ փորձում են աջակցել իրենց հաճախորդներին ավելի արագ ու ավելի քիչ նյարդեր քայքայելով ստանալ տվյալ երկրի վիզան։ Չնայած, ավանդաբար ամենադժվարը դեռ ԱՄՆ վիզա ստանալու գործընթացն է։
«Վիզաներ ստանալու մասով կարող եմ ասել, որ ամենակարևորը չխաբելն է, դեսպանատանը ճիշտ ներկայացնել ինֆորմացիան։ Սակայն, վիզաներից ամենադժվարը ԱՄՆ–ի վիզան է, հայերը շատ են ցանկանում ստանալ ԱՄՆ–ի վիզան, և այս գործընթացը հեշտացնելու համար խորհուրդ է տրվում ճամփորդել տարբեր երկրներ և վերջում թողնել ԱՄՆ–ն»,– ասաց «Luna tour» տուրիստական գործակալության աշխատակիցը։
Ի դեպ, տուրիստական գործակալությունները ևս ետ չեն մնում «թրենդներից», և կազմակերպում են խմբակային տուրեր, օրինակ, միայն կանանց կամ տղամարդկանց համար, ըստ այդմ՝ ընտրում համապատասխան վայրեր:
Ուրախալի է, որ զբոսաշրջությունը ակտիվ զարգանում է մեզանում, հայ հասարակության տուրիստական հորիզոններն ընդլայնվել են, և արդեն սովորական դարձած ուղղություններից բացի նրանք ընտրում են հետաքրքիր ուղղություններ հանգիստն անցկացնելու համար: Հայ զբոսաշրջիկները նաև ակտիվ սկսել են օգտվել տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող կրուիզ–ճամփորդություններից, քանի որ նավով ճամփորդելը թույլ է տալիս մի քանի օրվա ընթացքում ժամանել և զբոսնել տարբեր երկրներում։
Անկախ նրանից, թե որտեղ եք անցկացնելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում ենք հաճելի ճամփորդություն դեպի նոր` 2025 թվական։