1in.am-ը գրում է.
ԱՄՆ իշխանությունները տնտեսական պատժամիջոցներ են սահմանել 6 ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Մեքսիկայում կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Պատժամիջոցների է ենթարկվել նաև տեկիլա արտադրող մի ընկերություն, որը տեղակայված է մեքսիկական Խալիսկո նահանգում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով մեքսիկական ԶԼՄ-ներին:
Խոսքը Casa El Viejo Luis Distribuidora ընկերության մասին է, որին ամերիկյան իշխանությունները կասկածում են «Լոս Գուերոս» հանցավոր կազմակերպության փողերի լվացման մեջ:
ԱՄՆ-ի օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության որոշմամբ՝ այսուհետ արգելված են ցանկացած ֆինանսական օպերացիաներ այդ ընկերությունների հետ, իսկ ԱՄՆ-ում գտնվող նրանց հաշիվները պետք է սառեցվեն:
Ընկերությունների դեմ պատժամիջոցները սահմանվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ արտահանձնվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Էստեբան և Լուիս Ռոդրիգես Օլիվեները: ԱՄՆ-ը մեղադրում է նրանց 1996-2008 թվականներին 100 տոննա կոկաին փոխադրելու մեջ: