1in.am-ը գրում է.
Կոկայի չմշակված տերևները դիաբետի բուժման և ատամնային հիվանդությունների պրոֆիլակտիկայի հիանալի միջոց են՝ հայտարարել է Բոլիվիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում մամլո ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այդ բույսի միջազգայնորեն օրինականացման համար Բոլիվիայի պայքարի մասին հարցին:
Մորալեսը բազմիցս հայտարարել է, որ կոկայի տերևները թմրամիջոց չեն և կազմում են Անդյան մշակույթի մի մասը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ կոկայի տերևները բնական վիճակով բուժամիջոց են, և դա ապացուցել են համալսարանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի:
Մորալեսը նշել է, որ նախկինում տերևները միայն ծամում էր, սակայն երբ Հարվարդի համալսարանը խորհուրդ է տվել այն ուտել, նախագահը սկսել է հետևել այդ խորհրդին:
Նրա խոսքով՝ Բոլիվիայում շատ տարեց մարդիկ, որոնց թվում է նաև փոխնախագահի մայրը, օգտագործում են կոկայի տերևներ ու իրենց լավ են զգում:
Մորալեսը նաև ասել է, որ գերմանացի գիտնականները կոկայի տերևների մզվածքի հիման վրա ատամի մածուկ են ստեղծել:
Բոլիվիայում հնդկացիական բնակչության 62-67 տոկոսը կոկայի տերևներ է ծամում: Նախագահը նույնիսկ հատուկ տոն է կազմակերպել՝ Կոկայի տերևներ ծամելու ազգային օր: