Lurer.com- ը գրում է.
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Նշենք, որ առաջին անգամ էր Եպիսկոպոսաց ժողով գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ: Ժողովին ներկա էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սագսյանը:
Եպիսկոպոսաց ժողովը լի էր հակասություններով. այն ի դերև հանեց մեր եկեղեցու իրական խնդիրները:
Եթե Գարեգին Բ-ն ժողովի ընթացքում իր ելույթում բարձրացրեց խնդիրներ, որոնք ունեին աշխարհիկ բնույթ, Արամ Ա-ն հակառակն արեց: Նա հասկացրեց մեր հոգևոր հայրերին, որ նախ պետք է կարգավորել հենց եկեղեցու ներսում եղած խժդժությունները, իր ելույթում ոչ մի խոսք չասաց մեր երկրի աշխարհիկ խնդիրների վերաբերյալ:
Արամ Ա-ն իր ելույթը սկսեց եկեղեցու ներքին բարեկարգություններ իրականացնելու ճիշտ ուղիների փնտրտուքով, այնուհետև մի քանի կետից բաղկացած առաջարկությունների ծրագիր ներկայացրեց:
Ելույթում նա հիշեցրեց 7-րդ դարում Ներսես Գ. Իշխանցի Կաթողիկոսին, ով Վարդավառի տոնին, նկատելով եկեղեցիների ներսում կատարվող ծիսակատարությունների աններդաշնակությունը, խստորեն վրդովվել էր: Նա հռետորական հարց բարձրացրեց. «Եթե Ներսես Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկնքից իջներ և տեսներ մեր եկեղեցիներում տիրող իրավիճակը, վստահաբար դարձյալ կընդվզեր»:
«Եկեղեցին կվերածվի թանգարանի, եթե չվերանորոգվի: Եկեղեցու բարեկարգությունը և վերանորոգումը պետք է սկսվի ծեսով, որովհետև եկեղեցու կյանքի բոլոր բնագավառներում, ներառյալ եկեղեցու աստվածաբանական մտածողությունը ու դավանաբանական ուսուցումները, ծեսը կենտրոնական տեղ ու առանցքային դեր ունի:
Եկեղեցին իր էությամբ, հոգևոր ու բարոյական արժեքներով ու ճշմարտություններով շաղախված ժողովրդի համայնական կյանքն է: Եկեղեցի շինելը, բնականաբար, կարևոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է: Այստեղ է եկեղեցու գոյության պատճառը, դրա առաքելության կիզակետը: Հետևաբար, եկեղեցու կյանքին առնչված որևէ մի դրություն, կառույց կամ երևույթ, ներառյալ ծեսը, ինքնակենտրոն ու ինքնանպատակ չէ: Եկեղեցու ինքնարտահայտության կերպերը պետք չէ շփոթել եկեղեցու կոչման հետ: Եկեղեցին աստվածատուր առաքելություն է իր գոյությամբ ու էությամբ, իր ծառայությամբ ու կոչումով:
Գարեգին Բ-ն իր ելույթում խոսեց մեր երկրում և Սփյուռքում տիրող իրավիճակի մասին: Կաթողիկոսը ընդունում է, որ մեր հայրենիքում տակավին առկա են հոգսեր, դժվարություններ. «Հայրենաբնակ մեր ժողովուրդը դեռևս շարունակում է ապրել շրջափակման և փխրուն խաղաղության պայմաններում: Դեռ չեն հաղթահարվել աղքատությունն ու գործազրկությունը, մտահոգիչ է արտագաղթը...: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ արգասավոր պիտի լինեն մեր ջանքերը միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և Հայոց Ցեղասպանության դատապարտման համար, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը պիտի դարձնենք արդարության և պահանջատիրության զորեղ կոչ ողջ աշխարհին...: Շարունակվող հակամարտության հետևանքով` սիրիահայությունը այսօր էլ կրում է մեծ նեղություններ ու ծանր կորուստներ»:
Արամ Ա-ի բացահայտ քննադատությունը եկեղեցու վերաբերյալ մեծ ամոթ էր մեզ համար, քանզի այն դերն ու նշանակությունը, որ ունի հոգևոր կառույցը մեր ժողովրդի կյանքում, պետք է հնարավորինս անբասիր պահել:
Փաստ է, որ Արամ Ա-ի խոսքերը իրականությանը բավականին մոտ են. արդյո՞ք խնդիրներն այնքան լուրջ են, որ այսքան սուր քննադատության պետք է արժանանան... իսկ ի՞նչ են անում մեր հոգևոր հայրերը առկա խնդիրների լուծման համար:
Կարծում ենք` Արամ Ա-ի խոսքերից մեկը ևս մեկ անգամ մեջբերելը ավելորդ չի լինի. «Եկեղեցի շինելը, բնականաբար, կարևոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է»:



