Սիլվա Հակոբյանը, իրեն շրջապատողներին որպես երգչուհի կամ ապագա երգչուհի ծանոթ է դեռևս 2 տարեկանից: Սիլվայի մեջ տաղանդը բացահայտել է հայրիկի ընկերը, ով մանսագիտությամբ երաժիշտ է: Արդեն 4 տարեկանից երգչուհին երգել է տարբեր բեմերում` առաջին քայլերը սկսելով ծննդավայր Վայքից: Այս տասնյակ տարիների ընթացքում Սիլվան աշխատել է ու իր աշխատանքով հասել արդյունքի: Քիչ երկրներում չի շրջագայել, ունեցել է տասնյակ համերգներ արտասահմանում և Հայաստանի տարածքում:

ArmStar.am-ը զրուցեց Սիլվայի հետ անցած ճանապարհի, ապագայի պլանների, դրսի ու տեղական շոու բիզնեսի տարբերությունների մասին. Նախևառաջ Սիլվայի կարծիքով այստեղ` Հայաստանում, արտիստների համար մեծ չեն աճելու և ստեղծագործելու հնարավորությունները. «Արտասահմանյան և հայաստանյան շոու բիզնեսի տարբերություններից մեկը հնարավորությունն է, եթե մենք էլ նրանց չափ հնարավորություններ ունենայինք, հիմա ավելի մեծ բեմերից հանդես կգայինք և մեր ճանաչվածությունն էլ ավելի մեծ կլիներ, ինչպես, որ նրանց դեպքում է»:

Իհարկե շատ լավ կլիներ, որ Սիլվա Հակոբյանի և մյուս բոլոր արժանավոր ու տաղանդավոր երգիչ-երգչուհիների անունը թնդար արտասահմանում, ինչպես իրենցը` Հայաստանում: Հենց հնարավորությունների խնդիրն է նաև առաջ քաշում հարցեր, որոնց պատճառով երբեմն արտիստները հրաժարվում են որոշ սկզբունքներից. «Եթե նախկինում ես սկզբունքորեն հրաժարվում էի կոմերցիոն միջոցառումներին մասնակցելուց, ապա հիմա ես հասկանում եմ, որ իմ հիմնական գումարը ես հենց այդ ճանապարհով եմ վաստակում: Ի ուրախություն մեզ, այսօր այս ամենը բարձր մակարդակի վրա է դրված. հրավիրողները ոչ միայն լսում են քո երգերը, այլև գնահատում են քո ներկայությունն իրենց միջոցառմանը»:

Սիլվան, չնայած երիտասարդ տարիքին, կարողանում է իր աշխատածով ոչ միայն նոր հնարավորություններ բացել հենց իր առջև, այլև հոգում է ընտանիքի ծախսերը. «Իմ աշխատած գումարը ես ներդնում եմ իմ աշխատանքի մեջ` ներկայացնելով նոր տեսահոլովակներ ու նոր երգեր, բացի այդ հոգում եմ իմ ընտանիքի կարիքները: Իմ կոլեգաներից շատ շատերն են աշխատում ակումբներում և այդպես են գումար վաստակում: Սա ընդունված ֆորմատ է ամբողջ աշխարհում, այս ճանապարհով գումար են վաստակում նաև աշխարհահռչակ շատ երգիչ-երգչուհիներ: Ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել նրանց կամ մեզ: Ամոթը չաշխատելն է»,- մեկնաբանեց երգչուհին:
Ինչ խոսք, անգործության մատնվելն ավելի ամոթալի է:

Ինչպես յուրաքանչյուր սիրված ու ճանաչված մարդ, Սիլվան ևս իր անձի շուրջ հաճախ լսում է բամբասանքներ ու ասեկոսեներ. «Վերջրս ինձ բոլորը հարցնում էին` արդյոք ճի՞շտ է, որ ես նշանվել եմ: Հիմա ես ի լուր ամբողջ աշխարհի ուզում եմ հայտարարել, որ նման բան չկա, դրանք զուտ բամբասանքներ են»,- ասաց Սիլվան` ավելացնելով, որ նա նորմալ է վերաբերվում նման խոսակցություններին, հակառակ դեպքում շատ անհետաքրքիր կլիներ:
Շարունակությունը՝ այստեղ