Tert.am-ը գրում է․

Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ եւ կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետև պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Այս մասին Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել և մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ»,- ասել է նա:

Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից, հարցին ի պատասխան Փաշինյանը նշել է.

«Այո, և այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան և Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը:

Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի և  Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,- ընդգծել է վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել