ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է, որ «կազմակերպության անդամ առանձին պետություններ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տարբեր հարթակներում և կազմակերպություններում հնչեցնում են այնպիսի հայտարարություններ, որոնք ներդաշնակ չեն կազմակերպության որոշումների հետ»:
ՀԱՊԿ խորհրդի նիստում վերոնշյալ խնդրի բարձրացումը բավականին կարևոր է հատկապես այն առումով, որ նույն ռազմա-քաղաքական դաշինքի մեջ գտնվելով` ենթադրվում է, որ դրա անդամ երկրները նաև այլ կառույցներում`պարտավորվում են գործել այնպես, որպեսզի նվազագույնը չվնասեն ՀԱՊԿ անդամ այլ երկրների շահերին:

Սակայն որոշ դեպքերում, ՀԱՊԿ առանձին երկրներ ոչ միայն ուղղակի և անուղղակի ձևով աջակցում են ոչ հայանպաստ բանաձևերի ընդունմանը, այլև Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների ֆոնին`մեծածավալ սպառազինություն վաճառում Ադրբեջանին: Իսկ դա ոչ միայն նպաստում է տարածաշրջանային լարվածության մեծացմանն, այլև զարկ տալիս տարածաշրջանում սպառազինության մրցավազքին:
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տարբեր կազմակերպություններում Ադրբեջանի կամ Թուրքիայի նախաձեռնությամբ ընդունվող բանաձևերին աջակցելու վերաբերյալ նախագահը անդրադարձել էր նաև ՀԱՊԿ խորհրդի նախորդ նիստին: Չի բացառվում, որ առաջիկայում նախագահն առանձին ելույթում (կամ փակ քննարկումների շրջանակներում) անդրադառնա նաև Ադրբեջանին վաճառվող սպառազինության թեմային, ինչը հայաստանյան հասարակության շրջանում բավականին ցավոտ է ընկալվում: 
Նախագահն իր ելույթում նաև նշել է, որ «ՀԱՊԿ աշխատանքի արդյունավետությունն ու համբավի բարձրացումն անմիջականորեն պայմանավորված է կազմակերպության արտաքին քաղաքական գործունեության համակարգման մակարդակով»: 

Նախագահը ելույթի այս հատվածով մեսիջ հղեց ՀԱՊԿ անդամ երկրներին առ այն, որ առանց միմյանց շահերն ու հետաքրքրությունները հաշվի առնելու անհնար է ոչ միայն առաջ շարժվել, այլև բարձրացնել կազմակերպության նշանակությունն ու գործունեության արդյունավետությունը: Եթե ՀԱՊԿ անդամ երկրներն իսկապես շահագրգռված են կազմակերպության դերակատարության բարձրացմամբ, ապա արտաքին քաղաքական հարցերում պետք է առաջնորդվեն` հաշվի առնելով նաև դաշնակիցների շահերը, առանց որի դժվար է խոսել լուրջ մարտահրավերներին դիմակայելու մասին: 

Իր ելույթի վերջնամասում նախագահը դիմել է ՀԱՊԿ անդամ այն երկրներին, որոնք Համակագործակցության Շանհայան կազմակերպության անդամներ են, և հույս հայտնել, որ նրանք կաջակցեն Հայաստանին` կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում (մոտ մեկ շաբաթ առաջ` Չինաստան կատարած այցի շրջանակներում, ՀՀ վարչապետը նման խնդրանքով դիմել էր նաև Չինաստանի վարչապետին): ՀԱՊԿ երկրների հնարավոր աջակցությունը Հայաստանին այս հարցում, ինչ-որ առումով նաև, նոր փորձաքար կլինի` հասկանալու, թե հետագայում ինչ տրամաբանությամբ կզարգանան ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները կազմակերպության ներսում և դրանից դուրս: ՀԱՊԿ-ն զարգացման այնպիսի փուլում է, որ դրա անդամ երկրներն իրենց քայլերով պետք է հստակ ցույց տան` բավարարվում են ձեռք բերածով, թե՞ առաջ են շարժվում` ստեղծելով իսկապես կենսունակ ու խնդիր լուծող կառույց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել