1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում որոշում է կայացվել ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի և նրա ընկերոջ՝ Վահագն Մարկոսյանի գործով: Արա Օսկանյանն ու նրա ընկերը մեղադրվում էին թմրանյութ օգտագործելու մեջ: Ոստիկանության լրատվության բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ փորձաքննության արդյունքները հայտնի են, որոնց համաձայն՝ Արայի ու նրա ընկերոջ արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ մամուլը գրեց, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը՝ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով: Նրանք նույն օրը ազատ էին արձակվել։
Այժմ, ըստ ոստիկանության, Արա Օսկանյանն ու նրա ընկերը վարչական պատասխանատվության են ենթարկվել, որի համաձայն՝ նրանցից յուրաքանչյուրը կտուգանվի 200 հազար դրամով: «Որոշում կա վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 44 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության: Փորձաքննության եզրակացությունը ստացվել է, ինչի հիման վրա կիրառվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան հոդվածը: Նշանակվել է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 200 հազար դրամի չափով: Կանատիպի խմբի թմրամիջոց է հայտնաբերվել երկուսի արյան մեջ»,- «Առաջին լրատվական»-ին ասացին ոստիկանության լրատվական բաժնից՝ հավելելով, որ Արա Օսկանյանը ստացել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի եզրակացությունը և որոշումը:
Կբողոքարկի՞ ոստիկանության որոշումը Օսկանյանը՝ Արա Օսկանյանից ճշտել չհաջողվեց: Մեր հեռախոսազանգին պատասխանեց այլ անձ՝ ասելով, որ Արան քաղաքից բացակայում է և միայն 2 օր անց կվերադառնա: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նույնպես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: