ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հրապարակային պատասխանել է նախարարությանն ուղղված ԶԼՄ-ի հարցումներին։

«Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ԶԼՄ գործընկերների հարցումների՝ հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում»,-գրել է Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում։

Հիշեցնենք, որ այսօր Shamshyan.com-ի հաղորդմամբ, գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությունն օպերատիվ տեղեկություներ է ստացել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:

Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Վ.-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել