1in.am-ը գրում է.

Սիրիայում պատերազմը բազմամիլիարդանոց վնաս է հասցել Լիբանանին, և հանուն սոցիալ-քաղաքական կայունության պահպանման՝ այս պետությունը, ինչպես երբևէ, միջազգային հանրության աջակցության կարիքն ունի: Այս մասին Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:

Նա նշել է, որ Լիբանանին մինչև հիմա հաջողվում է խուսափել «ներքին բռնության պարույրի մեջ ներգրավվելուց», և բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ Սիրիայի հետ հարևան այս երկիրը կկարողանա խուսափել հակամարտության տարածումից՝ չնայած միջդավանանքային լարվածության աճին, որը միայն կխորանար Սիրիային հարվածելու դեպքում:

«Հույս ունեմ, որ քիմիական զինանոցի մասին համաձայնագիրը կհանգեցնի քաղաքական լուծման: Լիբանանի շահերից է բխում, որպեսզի Սիրիայում խաղաղություն լինի: Ինչ վերաբերում է քիմիական զենքի փոխանցմանը, դրանք շշուկներ են: «Հըզբոլլահ»-ն ինքը չի ցանկանում դա»,- ասել է նախագահը:

Սուլեյմանը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, նշել է, որ Լիբանանը սիրիական պատերազմի պատճառով կրել է արդեն 7 միլիարդ դոլարի վնաս: Նախագահն ընդգծել է, որ ներկա պահին մերձավորարևելյան ամբողջ տարածաշրջանը ցնցումների մեջ է, և բոլորի շահերից է բխում՝ օգնել Լիբանանին հաղթահարելու այս բարդ պահը:

Նրա խոսքերով՝ այժմ Լիբանանի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցում է 800 հազարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել