«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է նաև Արցախում տեղի ունեցած ողբերգության մասին ավելի բարձր, ավելի հետևողական խոսելու համար»,- ՀՀ-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։

«Ես համոզված եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ մեր ժողովրդի մի զանգվածի հայրենազրկումն իր հայրենիքից, որտեղ այդ ժողովուրդն ապրել է հազարամյակներով, նրանց մի մասի ուղղակի ոչնչացում, այնպիսի պայմանների ստեղծում, որոնք արցախահայության գոյությունն իրենց հայրենիքում՝ Արցախում, դարձրին անհնարին, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Եվ դրա մասին մենք պետք է բարձրաձայնենք, պետք է խոսենք»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով,  Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունը դիսոնանսի մեջ է հանրային այս պահանջի հետ, սակայն դա չպետք է մեզ կանգնեցնի։

«Ի վերջո, ցանկացած իշխանություն գալիս և գնում է։ Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է, իսկ հավերժական կատեգորիան ազգն է և նրա նպատակներն ու գաղափարները»,- ասաց Արցախի ԱԳ նախկին նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել