Tert.am-ը գրում է․

Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է մեկնաբանի ՀԱՊԿ անդամավճարների վճարման վերաբերյալ Հայաստանի մտադրությունները, հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ որոշում կարող է ընդունվել ՀՀ-ի մասով, եթե վերջինս հրաժարվի համապատասխան վճարումներից:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք «սա հենց այն չէ, ինչ ցանկանում են ՀՀ իշխանությունները, որոնք պաշտոնապես ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, բայց փաստացի ամեն ինչ անում են, որ երկիրը հեռացվի ՀԱՊԿ-ից»:

Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի անդամավճարների վճարումը պարտադիր է կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար:

«ՀԱՊԿ բյուջեն ձևավորվում է անդամների մասնաբաժինային անդամավճարների հիման վրա... ՌԴ-ն ֆինանսավորում է ՀԱՊԿ բյուջերի ուղիղ կեսը, մյուս դաշնակիցները՝ հավասար 10-ական տոկոս: Գոյացած պարտքի մարման պարտավորությունը 2 տարվա ընթացքում չկատարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան անդամ պետության նկատմամբ կայացնել որոշում, ընդհուպ միչև ձայնի իրավունքից զրկում... Հայաստանի ժամանակին սրան համաձայնել է: Ես չեմ լսել, որ նրանք սրան դեմ են: Վճարելու են, թե ոչ, այս հարցը պետք է ուղղել Երևանին: Այս կամ այն պատասխանը ստանալու դեպքում, կարելի է ճշտել՝ ինչու», - ասել է Զախարովան:

Օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինն ասել էր, որ Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարի գծով և չվճարել այն 2 տարի. այժմ առկա է 2024-ի պարտքը, որը վճարելու ժամկետը կլրանա 2025-ի վերջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել