Ինչ-որ բան ահավոր սխալ է, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական զիջումներ է անում Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյեն պաշտպանում է Հայաստանի շահերը։ Զարմանալիորեն, օտարերկրյա դեսպանն ավելի հայամետ է, քան Հայաստանի վարչապետը։
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնեց իր ստերը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջանի» մասին Հայաստանի Հանրապետության փոխարեն, Փաշինյանը խայտառակ կերպով նույնացրեց կեղծ «Արևմտյան Ադրբեջանը» և «Արևմտյան Հայաստանի» համար հայ ժողովրդի պատմական պահանջատիրությունը։ Ֆրանսիայի դեսպանն էր, որ 2024 թվականի նոյեմբերի 24-ին X սոցիալական ցանցում պատասխանեց Ալիևին. «Միակն ու անկրկնելին․ Արևմտյան Ադրբեջանը Իրանի 31 նահանգներից մեկն է, որի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ուրմիան է», մեջբերումներ անելով Վիքիպեդիայից։ Նա կցեց Իրանի քարտեզը, որը ցույց էր տալիս Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի գտնվելու վայրը: Գրառումը դիտվել է ավելի քան 93000 անգամ՝ 114 մեկնաբանություններով և 1100 հավանումներով։ «Նեմեսիս Մելքոնյան» կեղծանունով հայը X-ում գովել է Ֆրանսիայի դեսպանին. «Կարո՞ղ եք դառնալ մեր հաջորդ վարչապետը. ներկայինը էթնիկ թուրք է»։ Մի իրանցի պատասխանել է. «Որպես իրանցի»՝ ավելացնելով «OK» ձեռքի նշանը: Ըստ որոշ հայ մեկնաբանների՝ սա ապտակ էր Ալիևին, բայց նաև նախատինք Փաշինյանին։
Նույն օրը Ֆրանսիայի դեսպանը տեղադրեց նաև Երևանի հայտնի Կապույտ մզկիթի լուսանկարը և գրեց. «Հայաստանի պարսկական ժառանգության խորհրդանիշ Երևանի Կապույտ մզկիթի պարտեզներում»։ Այս գրառումը դիտվել է 43000 անգամ՝ 46 մեկնաբանություններով և 660 հավանումներով։ Մինչ ադրբեջանցի մեկնաբանները կեղծորեն պնդել են, որ Կապույտ մզկիթն ադրբեջանական ծագում ունի, շատ ուրիշներ շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիայի դեսպանին այս պատմական պարսկական աղոթավայրը ցուցադրելու համար: Հայաստանում Իրանի դեսպանությունն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի դեսպանին՝ տեղադրելով X-ում. «Կապույտ մզկիթը, որն իրանական արվեստի խորհրդանիշն է, վերջին երեք տասնամյակում կրկին ակտիվացել է որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթատեղի ու հավաքատեղի և զբոսաշրջային հետաքրքիր վայր։ Մեծ հաճույք է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական էպիգրաֆիան։ Ո՞վ կարող է կարդալ դրանք…»: Դեսպանությունն այնուհետև ավելացրեց պարսկական գեղագրության մի քանի պատկերներ, որոնք հայտնաբերվել են մզկիթի պատերին:
Մորդեխայ Կեդարը, Ադրբեջանի մի իսրայելցի պնակալեզ, քննարկման մեջ մտնելով, հոդված գրեց Jerusalem Post-ում 2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ «Ֆրանսիայի դեսպանը վրդովմունք է առաջացրել Հայաստանում պարսկական գերիշխանության աջակցության կապակցությամբ» վերնագրով։ Սա ոչ այլ ինչ է, քան զուտ ադրբեջանամետ քարոզչություն։
Կեդարը գրել է՝ «Ադրբեջանցիները վրդովված են սոցցանցերի այս գրառումներից, քանի որ Երևանի Կապույտ մզկիթը կառուցել են ադրբեջանցիները, և մզկիթը «պարսկական» ներկայացնելու փորձը ցույց է տալիս Ֆրանսիայի աջակցությունը պարսկական գաղութատիրությանը տարածաշրջանում: Ավելին, ադրբեջանցիները զայրացած են Արևմտյան Ադրբեջանը որպես Իրանի մաս ներկայացնելու ֆրանսիացի դիվանագետի փորձից»։ Եթե ադրբեջանցիները վրդովված էին Ֆրանսիայի դեսպանի գրածից, դա Կեդարի ի՞նչ գործն է, եթե, իհարկե, նա չի ակնկալում ինչ-որ բան շահել՝ կամավոր հանդես գալով որպես Ադրբեջանի քարոզիչ:
Կեդարը հայտարարել է, որ հայերը Կապույտ մզկիթը բնութագրել են որպես պարսկական՝ «իրենց երկրից [Հայաստանից] ադրբեջանական ժառանգության բոլոր հետքերը ջնջելու համար»։ Կեդարը անտեսում է այն փաստը, որ ադրբեջանցիներն ավերել են հազարավոր հայկական պատմական հուշարձաններ և եկեղեցիներ Արցախում և Ադրբեջանում։ Ավելի աղաղակող հայտարարություն անելով՝ Կեդարը գրում է, որ պարսիկները «օգտագործել են հայկական ապալեգիտիմացման այս գործողությունները՝ իրենց գաղութային ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնելու համար»։
Կուտակելով Հայաստանի և Ֆրանսիայի վրա հարձակումները՝ Էլնուր Էնվերօղլուն Azernews կայքում գրել է, որ Ֆրանսիայի դեսպանի գրառումները «բացահայտում են Դըկոտիրնիի պատմության տգիտությունը»։ Էլնուրը նույնիսկ չի կարողացել ճիշտ գրել դեսպանի ազգանունը:
Բնականաբար, Ֆրանսիայի դեսպանը չէր կարող անպատասխան թողնել Կեդարի նման անհեթեթությունները, որի մանկական փաստարկները խայտառակեցին Jerusalem Post-ին։ Դեսպանը պատասխանեց. «Իրո՞ք, պարոն Կեդար: Երևանի Կապույտ մզկիթը կառուցվել է պարսկական տիրապետության տակ՝ պարսկական բնորոշ ոճով: Մի՞թե հռոմեական ջրատարը հռոմեական կոչելն աջակցություն է գաղութատիրությանը»:
Թեև պատճառ չկար, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը քիթը խոթեր այս հարցում, սակայն իր ողջ կյանքի ընթացքում լինելով ճշմարտության կեղծարար՝ սկսած Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս լինելու օրերից, գրել է. «Ադրբեջանական գեղեցիկ կապույտ մզկիթը Երևանում։ Կառուցվել է 1766 թվականին Ադրբեջանի կառավարիչ Իրավանի [Երևանի] խանության Հուսեյն Ալի Խանի կողմից։ Հայաստանում պահպանված միակ մզկիթը, մնացած բոլորը (առնվազն 269-ը) ոչնչացվել են։ Ցավոք, Հայաստանը շարունակում է ժխտել Կապույտ մզկիթի ադրբեջանական ինքնությունը»։ «Մերի Հոգինս» օգտատերն իր թվիթում իրավացիորեն պատասխանել է Նասիմիին. «Նկատի ունես պարսկական մզկի՞թը, ստախոս խիար»։
Նասիմին, երևի, մոռացել է, որ մինչև 1918 թվականն Ադրբեջանի նման երկիր գոյություն չուներ: Նույնիսկ այդ ժամանակ Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը մերժել էր Ադրբեջանի դիմումը՝ ճանաչվելու որպես պետություն՝ 1920 թ. պաշտոնական հուշագրում գրելով. «Այս տարածքը, որը զբաղեցնում է 40 հազար քառակուսի մղոն մակերես, կարծես թե նախկինում երբեք պետություն չի եղել, բայց միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ խմբերի մեջ՝ մոնղոլական կամ պարսկական, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության մեջ: Ադրբեջան անվանումը, որը ընտրվել է նոր հանրապետության համար, նաև հարևան պարսկական նահանգի անվանումն է»։ Վերջ։
Ալիևն իր մոլեռանդությամբ կարծես թե չի հասկանում, որ կեղծիքի վրա հիմնված իր մշտական հարձակումները Ֆրանսիայի վրա, լավ ավարտ չեն խոստանում Ադրբեջանի համար։ Ֆրանսիան գերտերություն է, իսկ Ադրբեջանը՝ բանանային հանրապետություն, որ նույնիսկ բանան էլ չունի, և ղեկավարվում է անարժեք բռնապետի կողմից․․․
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com