Panorama.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, այսօր սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը` մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը:
Ժողովի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի ուղերձից հետո ժողովականներին եպիսկոպոսաց ժողովի առիթով դիմեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Եպիսկոպոսաց ժողովի առիթով: Այն տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Գերաշնորհ Հայրեր.
Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանավոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ, որը, հավատում ենք, պիտի դառնա նոր հանգրվան մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման ճանապարհին:
Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը, որ Եպիսկոպոսաց այս ժողովի գումարումով շնորհն է պարգևում Մեզ եղբայրական ոգով Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և մեր Եկեղեցու եպիսկոպոսաց ողջ դասի հետ քայլելու դեպի եկեղեցական մեր կյանքի զորացման ու պայծառացման հորիզոններ: Ուրախ ենք, որ Եպիսկոպոսաց ժողովն իր ներկայությամբ պատվում է Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանը` կրկին հավաստելով Հայ Եկեղեցու առաքելությանը սատարելու, մեր Եկեղեցու և հայրենի պետության հարաբերությունները արդյունավորելու գործում իր պատրաստակամությունը: Ողջունում ենք նաև մասնակցությունը ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
Սիրելի հոգևոր հայրեր, այսօր մենք մեկտեղվել ենք հոգևոր-եկեղեցական մեր կյանքի առավել բարեկարգության տեսլականով, որի մարմնավորման համար կարևոր առաքելություն ունի Եպիսկոպոսաց ժողովը` ի մասնավորի ծիսական, կանոնական և դավանաբանական հարցերի ուսումնասիրման և սահմանումների բանաձևման գործում: Եպիսկոպոսը Աստծո տնտեսն է, ասում է սուրբ Պողոս առաքյալը (Տիտ. 1.7), և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հավելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը:
Այս պատասխանատվությամբ Եպիսկոպոսաց սույն ժողովը պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծեսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ: Մկրտության ծեսի միօրինակության ապահովման և Սրբադասման կանոնի հաստատման ուղղությամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերը` հանգամանալից կերպով ուսումնասիրելով պատմական հիմքերը, ներկա իրավիճակն ու ժամանակի պահանջները, նաև` հավատացյալ մեր հոտի ակնկալիքները: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կանոնական, Սրբադասման և Ծիսական հանձնախմբերի ատենապետերին և անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի համար: Ժողովը կարևորությամբ անդրադարձ է կատարելու նաև մեր Սուրբ Եկեղեցուն հուզող այլ խնդիրների ու մարտահրավերների:
Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հավատացելոց հավաքականությունը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառույց է և իր առաքելության ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտությունը: Պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության հարցերով: Գտնվելով տարբեր պետությունների կազմում` մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները գործել են հաճախ տարբեր, երբեմն` պարտադրված կանոնակարգերով:
Օսմանյան կայսրության տիրապետության ներքո Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունները առաջնորդվել են Ազգային Սահմանադրության դրույթներով, իսկ Ռուսական կայսրության իշխանության ներքո Ամենայն Հայոց Հայրապետությունը` Պոլոժենիայով: Մեր Եկեղեցու կյանքը և վարչական գործունեությունը ներազդվել են այս պայմաններից` տեղի տալով հաճախ տարակարծությունների ու շփոթմունքների: Աննպաստ այսպիսի իրավիճակներում բարեկարգման ծրագրերը, որոնք մեր Եկեղեցու կյանքում օրակարգային են ավելի քան մեկ դար, հետաձգվել են կամ միայն մասամբ կարգավորվել: Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև ստեղծված լարված հարաբերությունները, որ հանգեցրին պառակտման և վարչական բաժանումի, նույնպես պատճառ հանդիսացան բարեփոխումների գործընթացի հապաղման: Այսօր անկախ է մեր Հայրենիքը, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորություններ ունի` հաղթահարելու համար մեր առջև ծառացած համաեկեղեցական հիմնախնդիրները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ