Hetq.am–ը գրում է․
«Հայկական քաղավիացիան մոտ է ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալուն: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարությունը հույս ունի, որ վերջնական «ճեղքումը» տեղի կունենա եկող տարի:
2020 թ. հունիսին ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները հայտնվել են ԵՄ «սեւ ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանք իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Պատճառը եվրոպական կողմի ստուգումների արդյունքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) եւ մի քանի հայկական ավիաընկերություններում հայտնաբերված թերություններն էին, որոնք վերաբերում էին թռիչքային անվտանգությանը: Այսինքն՝ մեր երկրում գրանցված ավիաընկերությունների եւ դրանց վերահսկող ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության ապահովման թույլ մեխանիզմները ԵՄ-ին դրդել են ժամանակավորապես արգելք դնել ՀՀ ավիափոխադրողների մուտքի վրա, քանի որ ԵՄ-ն վերջիններիս դիտարկում է որպես թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող:
«Սեւ ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է EU Air Safety List կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: A հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ B-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված:
Հայաստանն ընդգրկվել է A հավելվածում, այսինքն՝ արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: Ստորեւ ներկայացված է մեր երկրին վերաբերող հատվածի վերջին թարմացումն այս տարվա մայիսի 30-ի դրությամբ: Այդ ժամանակ «Ֆլայ Արնան» դեռ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ուներ, որի գործողությունը, սակայն, կասեցված էր, իսկ սեպտեմբերին ուժը կորցրած ճանաչվեց: «Էյր Դիլիջանսի» վկայականի գործողությունն էլ կասեցվել է այս թարմացումից հետո՝ օգոստոսին»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։