1in.am-ը գրում է.
Հայաստան ադրբեջանական ծագման ապրանքներ չեն բերվել հունիսի յոթից մինչ օրս, սակայն պատճառը արգելանքը չէ, դրանք պարզապես չեն բերվել:
Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշեց, որ ժամանակին ահազանգել է Վրաստանից Հայաստան թուրքական լոլիկի և վարունգի ներկրման մասին, ներկայացրել իրավական ակտի նախագիծ, որպեսզի հատուկ կարգ ընդունեն Վրաստանից ներմուծվող ապրանքի նկատմամբ: «Վրաստանը թուրքական ապրանքի համար երբեք անվտանգության երաշխիք չի տա, չի նշի, որ այն արտադրված է Վրաստանում: Ապրանքը սահմանում ենթարկվում է փորձաքննության, մտնում Հայաստան: Եթե փոքր հարցում իրականացնենք մեր քաղաքացիների շրջանում, կտեսնենք, որ նրանք կնախընտրեն տեղականը: Արդյոք կլինի՞ մակնշում, որով տեղականից տարբերվեն»,- ասաց նա:
Պիպոյանը նկատեց՝ աշխարհում կա չգրված օրենք, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է՝ չեմ կարող անել, ասում են՝ թող գնա, մեր դեպքում պարադոքս է. թուրքական և ադրբեջանական ապրանքը հայտնվում է հայկական շուկայում, պատասխանատուները ոչինչ չեն կարողանում անել, սակայն չեն լքում իրենց տեղը:
ՀԿ նախագահը հետաքրքրվեց՝ սահմանային հսկողություն իրականացնող պատասխանատու մարմինները տեղյա՞կ են արդյոք՝ տեխնիկական լոլիկն ինչ է: Նա ուշադրություն հրավիրեց խմորիչի վրա, որ Հայաստան է ներկրվում առանց փորձաքննության: «Մեզ համար Թուրքիան ու Ադրբեջանը լրիվ հավասարազոր են Ֆրանսիային ու Իտալիային: Պետք է հասկանալ՝ ներմուծվող ապրանքների անվտանգությունը մասնավորի՞ կողմից է երաշխավորվում, թե՞ պետության»,- ասաց նա: Ի պատասխան նրա հարցման՝ գյուղնախարարությունը պատասխանել է, որ սահմանային հսկողությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Պիպոյանը նշում է՝ մեր երկրում անհրաժեշտ լաբորատորիաներ կան, ամբողջ խնդիրն այն է, որ ներմուծվող ապրանքը փորձաքննության չի ենթարկվում, ավելին՝ երբեմն այն աստիճանի է հասնում պատասխանատուների հանդգնությունը, որ նշում են՝ որոշ փորձաքննությունների, օրինակ՝ բենզապիրենի հայտնաբերման համար նախատեսված լաբորատորիաներ չունենք: Իրականում այդպիսով նրանք նաև խուսափում են հավելյալ ծախսերից: Եթե սահմանը բացվի, իրականացվի փորձաքննություն, որևէ մեկը չի բողոքի: