1in.am-ը գրում է.
Վրաստանում հոկտեմբերի 27-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում նույն քաղաքական ուժի հաղթանակը և այդպիսով՝ վարչապետի ու նախագահի թիմի ներդաշնակ հարաբերությունները կնպաստեն երկրի առաջընթացին: Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահ Տաճատ Վարդապետյանը:
«Ցանկալի է, որ Վրաստանում իշխանության գան այնպիսի ուժեր, որ Հայաստանի հետ ջերմ, կառուցողական հարաբերություններ ձևավորվեն: Ապագայում մենք հնարավոր է՝ դառնալու ենք ՄՄ անդամ, այս պրիզմայում ցանկալի է, որ Վրաստանը ևս ջերմ գործընկերային հարաբերություններ ձևավորի մեր գործընկերների հետ, այդ թվում և՝ Ռուսաստանի»,- ասաց նա՝ նշելով, թե այն սպասումները, որ կային վիրահայ համայնքում, դեռ կյանքի չեն կոչվել: Թուրք-մցխեթցիների հետ հայերի լարվածություն կա, բայց, Վարդապետյանի խոսքով, պիտի վրաց իշխանությունները գիտակցեն, որ նրանք նախ սպառնալիք են հենց տեղի ազգաբնակչության և Վրաստան պետության անվտանգության համար:
Բանախոսը նշեց, որ թեև, ըստ համացանցի տեղեկությունների, նախագահական ընտրությունների շեմին Վրաստանում գրանցված թեկնածուների թիվը քսաներեք է, սակայն Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի խոսքով՝ նրանցից ինն են մնացել: Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է: Ներկա դրությամբ ֆավորիտները երեքն են՝ «Վրացական երազանքի» թեկնածուն, ԿԳ նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիդ Բագրաձեն, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն. թեժ պայքարը հենց նրանց միջև է ծավալվելու:
«Վրաստանում նախագահական ընտրությունները քայլ առաջ կլինեն, խորհրդարանական ընտրություններում ևս Վրաստանն ապահովեց այդ թափանցիկությունը: Երկրում կաշկանդվածություն կա, երկիշխանության մթնոլորտ է: Չեմ ուզում դեռ ելք կանխորոշել, բոլորն էլ խոստումներում առատաձեռն են, բոլոր թեկնածուներն էլ, այսպես թե այնպես, վիրահայության հանդեպ ջերմ վերաբերմունք կցուցաբերեն, կարևորը խոստումների իրականացումն է»,- ասաց նա:
Վարդապետյանը նկատեց՝ եթե նախորդ գրեթե բոլոր ընտրություններում հիմնականում մեկ թեկնածուի շուրջ էին վիրահայերը հավաքվում, այս անգամ պետք է առանձնահատուկ մոտեցում դրսևորեն: Վրաստանում կան ակտիվ քաղաքականությամբ զբաղվող հայեր, որոնք հարում են այս կամ այն քաղաքական ուժին, այնպես որ, ըստ բանախոսի, չի կարելի ակնկալել, որ այս ընտրություններում հայ համայնքի ձայները միատարր, մեկ թեկնածուի օգտին են լինելու:
«Հաշվի առնելով թեկնածուների քանակը՝ չեմ բացառում, որ տեղի կունենա երկրորդ փուլ, այդ ժամանակ արդեն կհստակեցվի վիրահայության վերաբերմունքը»,- ասաց նա: ՄՄ անդամակցումով հայ-վրացական հարաբերությունները չե՞ն տուժի: Ըստ Վարդապետյանի՝ Հայաստանը կամուրջները չի այրում եվրոպացի գործընկերների հետ, այնպես որ նրանց հետ ևս կառուցողական, ջերմ հարաբերություններ են սպասվում: