Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։
ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել՝ ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վասիլիս Մարագոսն իր հերթին նույնպես ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող ծրագրերին, համագործակցության հնարավոր ուղղություններին։
Հատուկ անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Նշված ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման կարևոր դերն ընդգծելով՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախախշված ճանապարհային քարտեզին և թիրախային միջոցառումներին։
Կողմերը կարևորել են այս ուղղությամբ երկկողմ համատեղ և կայուն ջանքերի ներդրումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MIAOFARMENIA/posts/pfbid026k7x7sGHgYSfNGawpvJGhLQb2v2UYfJKCx83EW2jiqSFXFrmR2bja3qtWKyZNR5dl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել