1in.am-ը գրում է.
Ֆրանսիական «Նոր Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական «Զաման» թերթը սեպտեմբերի 19-ի իր համարում տեղեկացնում է, թե Եվրոպական խորհրդարանի շենքում բացված «Թուրքիա-Հայաստան սահմանագծից պատմվածքներ» լուսանկարչական ցուցահանդեսին Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, հանդես է եկել ելույթով:
Իր խոսքում Ռաքել Դինքը իր ամուսնու սպանության պատասխանատու է համարել պետությանը: Նրա խոսքով՝ Հրանտը շատ հանդուգն հայ էր, չէր վախենում բարձրաձայնել գոյություն ունեցող բոլոր հարցերի մասին: «Նրանք չկարողացան մարսել նրա այդ կեցվածքը և դավադրություն կազմակերպեցին»,- ասել է նա՝ հավելելով, որ արդեն վեց տարի է՝ դատարաններից արդյունք են ակնկալում, ինչը, սակայն, չեն ստանում, և վեց տարի անց հարցը վերադարձրել են ելակետին:
Այդ պատճառով Դինքի ընտանիքը որոշել է չմասնակցել դատավարության նիստերին, որից հետո հարցը պետք է բարձրացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Այնուհետև Ռաքել Դինքը անդրադարձել է Օլիմպիական խաղերը Պոլսում անցկացնելու Թուրքիայի ակնկալիքներին՝ նշելով, որ Թուրքիան, Հայաստանի հետ իր սահմանները փակ պահելով հանդերձ, ակնկալում էր, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պոլսոում։
«Սահմանները փակող երկրում կարելի՞ է անցկացնել Օլիմպիական մրցումներ»,- հարցրել է Ռաքել Դինքը՝ ողջունելով Պոլսի թեկնածությունը մերժելու քայլը: