
Մի քանի լավ միտք եմ կարդացել ինտերնետում, որոնց շուրջ վերջերս շատ եմ մտածում: Ուզում եմ կիսվել դրանցով.
- Գնահատեք Ձեզ ու Ձեր ժամանակը, սովորեք ասել «ոչ», փակել Ձեզ ձանձրացնող գիրքը, թողնել ու հեռանալ վատ կինոդիտումից, հանգիստ հեռանալ դուր չեկած աշխատանքից, բաժանվել այն մարդկանցից, որոնց հանդեպ այլևս ոչինչ չեք զգում:
Քանի-քանի՜ անգամ եմ համաշխարհային դասականներից շատերին փակել, որովհետև չեմ գտել այն, ինչն ինձ պետք էր այդ պահին... որովհետև նրանցից շատերն իմ ձեռքը չեն բռնել ու չեն տարել դեպի իմ մտքերը քանդող հանգույցը...
Միշտ պետք է ժամանակին հեռանալ ու թողնել ամեն ինչը ժամանակին... այլապես մոգական ոչինչ չի մնա այն ամենի մեջ, ինչը մի ժամանակ մեզ մագնիսացնում էր:
- Կարելի է նոր կյանք սկսել սոցիալական ցանցի հին էջով, հին հեռախոսահամարով, բայց ոչ այն մտքերով, որոնցից փախչել ես ուզում:
Եթե ուզում ենք փոխել մեր շուրջը, պետք է սկսենք ինքներս մեզանից, ավելի շուտ` մեր ներսից: Մի մեծ արկղ պետք է վերցնել ու «ուբորկա» սկսել, մեզ անհանգստացնող ու նյարդայնացնող բոլոր մտքերը լցնել դրա մեջ, մեզ ցավ պատճառող հուշերն ամուր կապել տոպրակների մեջ ու նետել: Իսկ այն ամենը, ինչն ափսոսում ենք նետել, ուրեմն պիտի փոխենք մեր վերաբերմունքը դրանց հանդեպ:
- Քանի դեռ չես կարողանում ասել այն, ինչ մտածում ես, չես անում այն, ինչ ի սրտե ուզում ես, դու չես ապրում քո՛ կյանքով:
Եղիր ինքդ, մնացած բոլոր դերերը զբաղված են: Ինքդ լինելն ամենաօրիգինալ ձևն է ապրելու:
- Մարդիկ հաճախ հանձնվում են այն պատճառով, որ նայում են, թե ինչքան բան է դեռ մնացել անելու, ոչ թե նրան, թե ինչքան բան է արդեն արված:
Այս մտքին մի քիչ այլ մեկնաբանություն տամ. երբեմն պրոցեսն ավելի արդյունավետ է, քան արդյունքը: Երբեմն պետք է օգուտ քաղել հենց գործընթացից:
- Եթե Դուք սխալվել եք, դա նշանակում է, որ փորձել եք:
Եթե մենք սխավել ենք, ուրեմն դեպի ճիշտ ուղին տանող մի տարբերակ էլ ենք փորձել: