Հայաստանի տիպի երկրներում, այսինքն՝ դիկտոկրատական ռեժիմ ունեցող, նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևը միտում ունի վերաճելու սուպերնախագահականի, քանի որ ինստիտուտների անոմալիան կամ չկայացածությունն ի վիճակի չէ ստեղծելու ընդունելի հարաբերություններ, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Ուստի նախագահի ձեռքում են սկսում կենտրոնանալ իշխանության ճյուղերը հերթով կամ միանգամից: Այս պարագայում, թվում է՝ պետք է, որ ընդունելի լիներ սահմանադրական փոփոխությունը հօգուտ պառլամենտական կառավարման մոդելի, բայց այդպիսի նախաձեռնությունն իշխանության կողմից հանդիպեց բավական կոշտ արձագանքների, ինչու՞: Առկա է 2 պատճառ հասարակության տեսանկյունից՝ ներքին և արտաքին.
1. Ներքին՝ իշխանության նկատմամբ վստահության դեֆիցիտ. երբեք չի արթնացնում հասարակական աջակցություն, որովհետև նրա ցանկացած որոշման տակ հանրությունը տեսնելու, փնտրելու է իշխանության պահպանման ու վերարտադրմանն ուղված քայլերի ամբողջություն: Նույնիսկ բարի կամքի դրսևորման քայլերը չեն կարող լեգիտիմության ճգնաժամ ապրող իշխանության պարագայում ունենալ դույզն-ինչ աջակցություն:
2. Արտաքին՝ իշխանության գործելաոճի իներցիան. վերարտադրման ռեֆլեքսը երբեք չի թողնում հաստատել իրական քաղաքական պլյուրալիզմ, երբ տարբեր սոցիալ-քաղաքական խմբեր ռեալ հնարավորություն կունենան մասնակցելու իշխանության նվաճման գործընթացներին:
Փաստորեն իշխանությունը, ի թիվս այլ ոլորտների, լուրջ անելիքներ ունի նաև այստեղ:



