Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա”,- գրում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.

-Ի՞նչ է միջինը:
Սևակը որսում է ծաղրը և ասում.
-Նավթալին:
-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:
-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի…
-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու:
-Չէ’, ինչո՞ւ, էշախոդով:
-Դրա շինողը սա՞ղ է,- Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը:
-Չէ’, մեռել է:
-Ափսո՜ս…
-Ի՞նչն է ափսոս:
-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:
- Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու’, հա՜ ծխի…
Ծիծաղում են: Այդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են, Պ. Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու նրանք ջերմորեն գրակախառնվում են:
-Ախպոր պես ասա’, ո՞վ է,- Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:
-Պարույր Սևակը:
-Վայ ամա՜ն, խայտառակ եղա,-ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:
-Ա՜յ տղա, արի’ փո՜ղդ ստացիր, ո՞ւր ես փախչում,- ծիծաղելով ձայնում է Պարույրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել