Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում առևանգել են քաղաքացուն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Պարեկները սկսում են որոնողական աշխատանքները և կարճ ժամանակ անց նկատում են, որ այդ ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանից ուղևորվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:

Պարեկները բարձրախոսով հորոդորում են վարորդին, որպեսզի կանգնի, սակայն նա չի ենթարկվում պարեկների «կանգառ» օրինական պահանջին և շարունակում է փախուստի դիմել, ապա հասնում է Լամբադա կամրջի մոտ և ուղղություն վերցնում դեպի Հովեփ Էմին փողոցից Գրիբոյեդովի փողոց:

Պարեկների կողմից հետապնդումը շարունավում է մի քանի փողոցներից, ու արդեն Գրիբոյեդով փողոցում առևանգողը մեքենայով բախվում է ծառին ու արդեն տեղում պարեկները վնասազերծում են նրան, սակայն ոչ թե տեղափոխում ես ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, այլ իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից բուժօգնություն են ցուցաբերում, քանի որ առևանգողը ստացել էր մարմնական վնասվածք, ապա ահազանգում են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավտոմեքենան առևանգողը Երևանի բնակիչ 23-ամյա Էրիկ Պողոսյանն է, ում վերաբերյալ ոստիկանութան Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «ավտոմեքենայի առևանգում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել