Այսօր ես բացահայտեցի, որ էգ ծովաձիերն են հղիացնում իրենց արու զուգընկերներին և ոչ թե հակառակը: Ծովաձիու վերարտադրողական գործընթացը սկսում է այն ժամանակ, երբ արուն ու էգն հանդիպում են և սկսում են «պարել»: Խաչասերման բուն ակտից մի քանի օր առաջ երկու ձկները (այո, դրանք ձկներ են) հանդիպում են` պոչերով իրար քսմսվելու և միասին պարելու համար: Նրանք երբեմն պոչով միևնույն խոտի խուրձն են բռնում և միասին պտտվում դրա շուրջ: Գիտնականները կարծում են, որ այս սիրաբանությունն ու «պարը» սինխրոնացնում են երկու ձկների շարժումները: Սա նախապատրաստում է արուին ձվերն ընդունելու, իսկ էգին` ձվադրման համար:
Մի քանի օր միասին անցկացնելուց հետո արուն ջուր է փչում իր ստամոքսի` ձվի պարկի միջով: Երբ ջուրը լցվում է պարկի մեջ, այն բացվում է: Էգը տեսնում է, որ պարկը դատարկ է և այնտեղ է մտցնում իր… ձվադիրը` այն օրգանը, որը ծառայում է ձվադրմանը: Այդ ժամանակ ծովաձիերը` դեմք դեմքի տված, պարուրաձև շարժումներ կատարելով լող են տալիս` փորձելով հավասարվել, որպեսզի էգը կարողանա իր ձվադիրը խոթել արուի պարկի մեջ: Նա այս գործողությունը կատարում է մի քանի անգամ, ընթացքում դադար տալով, որպեսզի չհոգնի: Երբ ձվերը դուրս են գալիս էգի օրգանիզմից, այն նիհարում է, և երբ դրանք մտնում են արուի օրգանիզմ, այն գիրանում է: Այս գործընթացը կարող է տևել մինչև ութ ժամ: Վերջում էգը մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր ձու է դնում արուի պարկի մեջ: Ձվերի քանակը կախված է ծովաձիու տեսակից: Ակտից հետո էգը չի մնում արուի մոտ` նրա հետ գուրգուրվելու համար, այլ պարզապեդս լողում-հեռանում է ինչ-որ գեղեցիկ տեղ և այնտեղ հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ նրա ձվադիրը կրճատվում է: Սա կարող է մի քանի ժամ տևել:
Զուգընկերուհու հեռանալուց հետո` արուն կպնում է ինչ-որ մոտակա բույսի և սերմնահեղուկն արտազաատում է իր շրջակա ջրի մեջ` իր ձվապարկում գտնվող ձվերը բեղմնավորելու համար: Պարկը թթվածին և պրոլակտին է մատակարարում ձվերի մեծացման համար: Էգը, թեպետ հեռանում է ձվադրումից անմիջապես հետո, այն չի մոռանում իր հղի զուգընկերոջ մասին. հղիության շրջանում 2-4 շաբաթ այն ամեն օր այցելում է իր զուգընկերոջը: Այցելությունները երկար չեն տևում: Նրանք երկուսով շփվում են ընդամենը մի քանի րոպե, միասին լողում են և հրաժեշտ տալիս իրար:
Երբ ծննդաբերության շրջանը մոտենում է, արուի պարկն ավելի ու ավելի է կլորանում: Ծնունդից հաշված րոպեներ առաջ արուի մկանները ժամանակավորապես ծռմռվում են, և այն մոտ 10 րոպե շարունակ առաջ ու ետ է թեքվում, մինչև որ բոլոր ձկնիկները դուրս են գալիս ձվապարկից: Միանգամից կարող է ծնվել 8-ից մինչև 200 ծովաձի: Զարմանալիորեն ընդամենը մի ժամվա ընթացքում արուի ձվապարկը իր սովորական չափին է գալիս: Դրանից մի քանի ժամ հետո արու ծովաձին պատրաստ է կրկին խաչասերվել և երբեմն հենց այդպես էլ պատահում է:
Արու ծովաձին ծննդաբերում է, սակայն ինչպես և շատ այլ ձկնատեսակներ, այն չի մնում ձագերին խնամելու, այլ ծննդաբերությունից հետո մենակ է թողնում նրանց: Արդյունքում ամեն 1000 նորածին ծովաձիուց ընդամենը 5-ն են մեծանում: Մնացածը կեր են դառնում այլ ձկների համար կամ մեռնում են սովից, երբ օվկիանոսի հոսանքները նրանց քշում-հեռացնում են սննդամթերքի պաշարներից: Սակայն 1000-ից 5-ն էլ բավականին լավ ցուցանիշ է: Լավ է, որ ծովաձի արուն որոշ ժամանակ իր ձվապարկում է պահում ձվերը: Կան ձկնատեսակներ, որոնք ձվադրումից անմիջապես հետո թողնում են ձվերն ու հեռանում: