Մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցված պատահարներից ամեն 3-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցն է եղել, գրում է «Հետքը»։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 2023–ի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։

Պատահարներից 180-ը Երևանում է եղել, իսկ 296-ը՝ մարզերում։

Վթարների ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 15 պարեկային ծառայող, իսկ տուժած քաղաքացիների մասին ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ Քննչական կոմիտեն առանձին վիճակագրություն չունի։

Պատահարների հետևանքով առաջացած վնասի փոխատուցմն իրականացվում է ապահովագրական պայմանագրերի շրջանակում։ Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցները ապահովագրված են «Սիլ Ինշուրանս» և «Էֆես» ապահովագրական ընկերություններում։

Պարեկային ծառայության աշխատակիցների մեղավորությամբ գրանցված վթարների դեպքում վնասը փոխատուցվում է ԿԱՍԿՈ ապահովագրատեսակով։ ԿԱՍԿՈ-ում սահմանված է չհատուցվող գումարի չափ, որը մեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի մասնակցության չափն է վնասի հատուցման մեջ։

Արձանագրված 150 պատահարների համար չհատուցվող գումարի չափը կազմել է 95 միլիոն 800 հազար դրամ։ Վնասի փոխհատուցում իրականացրել է Ներքին գործերի նախարարությունը։

Մյուս 318 պատահարները, որոնք պարեկների մեղավորությամբ չեն եղել, վնասը փոխհատուցվել է ԱՊՊԱ պայմանագրով։ Հատուցման ընդհանուր գումարը կազմել է 78 միլիոն 550 հազար դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել