ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ ելքով ավտոպատահարների կանխարգելման ուղղությամբ։
Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վերլուծության են ենթարկվել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներում տեղի ունեցած՝ մահվան ելքով կամ առողջությանը պատճառված վնասվածքներով ավտոպատահարների վերաբերյալ քրեական վարույթները։
Վերլուծությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի՝ Սիլիկյան Նոր խճուղու հետ հատվող հատվածում առկա կամրջի ճանապարհահատվածում մեծ թիվ են կազմում ինչպես մահվան ելքով, այնպես էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, ինչպես նաև նյութական վնասով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները։ 2022թ․ դեկտեմբերին, 2024թ․ ապրիլ, մայիս և սեպտեմբեր ամիսներին նշված ճանապարհահատվածում մահվան ելքով 4 պատահար է տեղի ունեցել, որոնցից 3–ի դեպքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել կամրջի տակով անցնող ճանապարհահատված։ Իսկ մեկի դեպքում երկու մոտոցիկլետ բախվել են միմյանց։
Տվյալ ճանապարհահատվածում վթարների առաջացումը բացառելու կամ գոնե էապես նվազեցնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի կողմից միջնորդագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետարան՝ Երևան քաղաքի Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի՝ Սիլիկյան Նոր խճուղու հետ հատվող կամրջի մոտ՝ արագություն սահմանափակելուն ուղղված միջոց ձեռնարկելու, երկու ուղղություններով, զգուշացնող համապատասխան ճանապարհային նշաններ տեղադրելու, նախքան ճանապարհի շրջադարձային հատվածին հասնելը լուսաանդրադարձիչ ներկով հավելյալ նշագծում կատարելու, ինչպես նաև տվյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասը և մայթը իրարից բաժանող հատվածում որոշակի բարձրություն ունեցող բետոնե պատնեշներ տեղադրելու հարցերը քննարկելու համար։
Ի պատասխան հիշյալ միջնորդագրի՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացվել է, որ ուսումնասիրվել է նշված ճանապարհահատվածը՝ բացակայող ճանապարհային նշաններով կահավորելու, մասնավորապես կորացման հատվածում «շրջադարձի ուղղություն» ճանապարհային նշաններով և ճանապարհի կորացման հատվածում արհեստական եղանակով արագությունը մեղմելու տեխնիկական միջոցներ կիրառելու համար։
Բացի այդ, լուծվել է նաև Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ 2/76 հասցեի հարակից ճանապարհահատվածում լուսանկարահանող արագաչափ տեղադրելու հարցը։