1in.am-ը գրում է.

Այսօր Սոչիում մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: ՀԱՊԿ-ը համակարգում է հետխորհրդային տարածքում ռազմաքաղաքական դաշինքը: ՌԴ-ն հույս ունի կազմակերպության անդամներին համախմբել հարավից՝ առաջին հերթին Աֆղանստանից աճող սպառնալիքների առջև: Այս մասին հաղորդում է Kommersant.ru կայքը:

Հանդիպմանը կքննարկվեն հրատապ մի շարք հարցեր, առաջին հերթին՝ իրավիճակը Աֆղանստանում: 2014-ին այդ երկիրը կլքի ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի մեծ մասը: Չնայած Հյուսիսատլանտյան դաշինքը լավատես է և նշում է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը կկարողանան երկրում կարգուկանոն հաստատել, այնուամենայնիվ՝ ՌԴ-ն և նրա դաշնակիցները վատթարագույնին են պատրաստվում:

Այսօրվա բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի իրենց գործընկերների հետ կքննարկեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի զարգացումը և դրանց խաղաղապահ ներուժը: Հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն տաջիկա-աֆղանական սահմանին:

Տաջիկ ուժայիններն այնքան էլ հաջողությամբ չեն լուծում իրենց առջև դրված խնդիրները: Այդ մասին է վկայում Աֆղանստանից եկող թմրանյութի մաքսանենգության կտրուկ աճը: Եվ եթե Աֆղանստանից օտարերկրյա ուժերի դուրսբերւմից հետո երկրում քաղաքացիական պատերազմ սկսվի, Տաջիկստանի իշխանությունները չեն կարողանա ընդունել փախստականների հոսքին և զինված հանցախմբերին:

Քննարկվել է նաև Սիրիայի խնդիրը: Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է զինծառայողներ տրամադրել՝ մասնակցելու այն շրջանների անվտանգության ապահովմանը, որտեղ կաշխատեն Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել