Երբևիցէ մտածե՞լ եք ինքներդ ձեր մասին, փորձե՞լ եք հասկանալ, թե ինչպիսի՞ բնավորություն ունեք: Փորձե՞լ եք գտնել ձեր լավ և վատ կողմերը: Փորձե՞լ եք կշռադատել ձեր արարքները՝ նախքան դրանք իրագործելը եւ իրագործելուց հետո:
«Ճանաչիր ինքդ քեզ» արտահայտություն, որն իր մեջ ընդգրկում է փիլիսոփայական մի ամբողջ աշխարհ, մտածելու տեղիք է տալիս, ինքդ քեզ ճանաչելու և ինքնագնահատականի ձևավորման հնարավորություն ընձեռում: Այս արտահայտությունը կարող է փոխել շատերի տեսակետը աշխարհընկալման վերաբերյալ, ինչպես օրինակ այն փոխեց անտիկ փիլիսոփա Սոկրատեսի կյանքը: Նա հասկացավ, որ աշխարհը ուսումնասիրելու եւ հասկանալու համար նախ մարդ պետք է ճանաչի ինքն իրեն՝ իր էությունը, բնավորությունը:
Մենք բոլորս բանական մարդիկ ենք, ընձեռված խոսելու, մտածելու, դատելու ընդունակություններով: Ուստի համոզված եմ բոլորս էլ գոնե մեկ անգամ մտորել ենք ինքներս մեր մասին: Ուրեմն, ինչպիսի՞ կարծիքի ենք: Արդյո՞ք թերագնահատում ենք ինքներս մեզ, թե՞ գերագնահատում: Արդյո՞ք կարողանում ենք գտնել ոսկե միջինը, արդյո՞ք, արդյո՞ք, արդյո՞ք,…….
Հարցերի շարքը անվերջ կարելի է շարունակել, իսկ պատասխանել կարելի է բազմազան մտորումներով եւ տեսակետներով: Ուստի կփորձեմ ներկայացնել իմ մտորումները մարդու ինքնագնահատականի մասին:
Ինքնագիտակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն արտացոլել արտաքին աշխարհը, այլ իրեն առանձնացնելով այդ աշխարհում, ճանաչել սեփական ներքնաշխարհը, ապրել, զգալ այն և որոշակի վերաբերմունք ունենալ սեփական անձի նկատմամբ: Բայց մարդու համար շատ կարևոր է, թե իր մասին ինչ կարծիք ունեն իրեն շրջապատող մարդիկ, որոնց տեսակետը մեծ ազդեցություն է ունենում ինքնագնահատականի ձևավորման գործում: Այսինքն մարդու կատարած ցանկացած խելացի արարք, դրսևորված գիտակցված վարք, դա ոչ այնքան այն բանի արտահայտությունն է, թե ով և ինչպիսին է այդ մարդն իրականում, որքան՝ սեփական անձի նկատմամբ պատկերացումների արդյունքն:
Ինչպես ցանկացած երևույթ, մարդու ինքնագնահատականը, որպես գիտակցության բարձրագույն ձև, նույնպես պետք է լինի ոսկե միջինում: Այսինքն, մարդ ոչ թե պետք է իրեն թերագնահատի կամ գերագնահատի, այլ կարողանա գտնել դրա ոսկե միջինը, որը պետք է համապատասխան լինի իր մտածելակերպին: Սակայն ցավում եմ, որ այժմյան հասարակությունը ունի շատ բարձր ինքնագնահատական իր մասին: Ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է մարդ իրեն դասի բոլորից բարձր, իրեն իշխող զգա, իսկ իրեն շրջապատող թերագնահատ մարդիկ ավելի բարձր դասելով նրան, կատարեն իշխողի քմահաճույքները: Գուցե՞ դա դաստիարակությունից է գալիս, գուցե՞ ծնողների մեղքն էլ կա այդ հարցում: Բայց ոչ, կյանքն է մարդկանց այդպիսին դարձրել, կյանքի դառը ներկան և անհուսալի ապագան: Չեմ վախենա եթե մարդուն համեմատեմ կենդանու հետ: Աստված մարդուն ստեղծել է որպես հսկող աշխարհին, որպես պահապան ամեն մի ծառի ու թփի, որտեղ ապրում է Աստծո մի մասնիկ: Իսկ այժմ մարդը գազանից էլ վտանգավոր է: Գազանը, որս կատարելով, ապահովում է իր կյանքը, իսկ մարդը չարաշահում է բնության իր բաժինը, աղտոտում և ավերում այն, վտանգի տակ դնելով իր և իր հսկողության տակ գտնվող աշխարհի գոյությունը: Զուր չէ Սոկրատեսը գեղեցիկ համարել այն, ինչ օգտակար է:
Ուրեմն եկե՛ք կատարենք մեր սրբազան առաքինությունը, եկե՛ք պաշտպան կանգնենք մեր պաշտպանության և հսկողության տակ գտնվող աշխարհին: Եկե՛ք ապրենք համերաշխ եւ հանդուրժող վերաբերմունք ցուցաբերենք հասարակության հանդեպ: Չէ որ դրանից կբարձրանա մարդկանց ճիշտ ինքնագնահատականը և մարդիկ ավելի լավ կճանաչեն իրենց՝ որպես երկրին պիտանի զավակ:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/09/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել