1in.am-ը գրում է.

Թուրքիան հավանաբար արդեն երբեք էլ չի դառնա Եվրամիության անդամ՝ հայտարարել է ԵՄ հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղըշը: Նա դարձել է այդ մակարդակի առաջին քաղաքական գործիչը, ով հրապարակավ խոստովանել է էլիտար եվրոպական ակումբ մտնելու փորձերի ձախողումը՝ Բրյուսելի հետ մի քանի տասնամյակ տևած բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

Որպես անհաջողության պատճառ՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը համարում է ԵՄ առանցքային անդամների կողմից Թուրքիայի նկատմամբ «կանխակալ վերաբերմունքը»:

Այն մասին, որ Թուրքիան կարող է երբեք էլ ԵՄ անդամ չդառնալ, Բաղըշը հայտարարել է «Յալթայի եվրոպական ռազմավարություն»(YES) ամենամյա համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Ուկրաինայի և Լիտվայի նախագահների գլխավորությամբ: Օրակարգի առանցքային հարցերից մեկը ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումն էր:

Անցած շաբաթ համապատասխան փաստաթղթի նախագծի օրինագիծը հավանության էր արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից:

Բաղըշը հանդիպման մասնակիցներին հիշեցրել է, թե որքան երկար կարող է լինել ճանապարհը ասոցացումից մինչև եվրոպական կառույցներում լիարժեք անդամակցություն: Թուրքիան ասոցացված անդամի կարգավիճակ էր ստացել դեռևս 1964-ին: Անդամագրման մասին պաշտոնական բանակցությունները սկսվել էին 2005-ին:

Անկարան դիմել էր մի շարք բարեփոխումների՝ ուղղված երկրի կառավարման գործում բանակի դերի նվազեցմանը: Բացի այդ, 2010-ին կայացած հանրաքվեով ընդունվել էին սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ են տվել սահմանափակել դատավորների ու զինվորականների իրավունքները, սակայն այդ ջանքերը բավարար չէին:

Եվրահանձնաժողովի վերջին զեկույցում, որում գնահատվել են թեկնածու երկրների շանսերը, Թուրքիան հայտնվել է վարկանիշի վերջին տողում՝ որպես «անորոշ» հեռանկարներով պետություն: Եվրահանձնակատարները Անկարային քննադատել են չկարգավորված կիպրական խնդրի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ու ազատությունների «մշտական» խախտումների համար: 

Պաշտոնապես կողմերից ոչ մեկը չի հայտարարել բանակցությունների վերջնական խափանման մասին: Նախարարն արդեն ուրվագծել է ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների այլընտրանքային մոդել: «Կարծում եմ՝ արդյունքում Թուրքիան կհայտնվի այն նույն կարգավիճակում, ինչ Նորվեգիան. չի դառնա ԵՄ լիարժեք անդամ, սակայն կմտնի եվրոպական միասնական առևտրային տարածք»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել