24news.am-ը գրում է․
«Հայկական ժամանակ»-ը քիչ առաջ գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդարադատության նախարարի պաշտոնի համար քննարկվում են Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունները:
24News-ը կապ հաստատեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ մեկնաբանություն ստանալու համար, արդյո՞ք իրեն առաջարկ եղել է, ինչին ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց․ «Չեմ մեկնաբանում»։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը չպատասխանեցին մեր զանգերին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չթողնելով հարցը հասնի իրեն պաշտոնանկ անելուն, քանի որ ՔՊ մի շարք պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել Մինասյանի հրաժարականի պահանջով։ Մինչ այդ էլ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նրա տեղակալ Սիրվարդ Գևորգյանը։