News.am-ը գրում է.

Երկու թոռներս սովորում են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, փոքր թոռնիկս տեսել է մասկաներով մարդկանց: Եկավ պատմեց, որ ավտոմատներով մարդիկ մտան դպրոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի աշակերտներից մեկի տատը:

«Ասաց՝ դասատուներից մեկին բռնել են, տարել են, ինչ-որ մի երեխայի է ծեծել: Ես էլ ասացի՝ դասատուին պետք չի այդքան մեղադրել, դժվար է այդքան երեխաների հետ աշխատելը, մենք չգիտենք՝ ինչը ոնց է եղել:

Հետո տուն եկավ մեծ թոռս եւ ասաց, որ իրենց չեն թողել ֆիզկուլտուրայի դահլիճից դուրս գալ: Երեւի պահել են երեխաներին, որ այդ պահին այդ մարդուն տանեն, երեխաները չտեսնեն: Ասաց՝ տատիկ, մենք շատ վախեցանք, մտածեցինք՝ ահաբեկիչներ են եկել, մեզ փախցնում են: Չի կարելի այդպես դպրոց մտնել, երեխաներին վախեցնել»,-ասաց կինը:

Նա նաեւ ենթադրեց, որ կասկածյալ տղամարդը աշխատում է նաեւ ԳԹԿ-ում, քանի որ մի քանի անգամ տեսել է, որ նա ԳԹԿ-ից առաջ եկել է դպրոց: «50-ն անց մարդ է, շատ պատկառելի տեսքով: Ծնողների խմբում մի ծնող գրել էր, որ իր երեխայի դասարանում է դեպքը եղել, երեխեքը լեղաճաք են եղել, վախեցել են: Բոլորը դատապարտում են դպրոցում այդ ձեւով ԱԱԾ-ի գործողությունը: Թող ԳԹԿ-ից իրեն ձերբակալեին, կամ իր տնից, բայց ոչ դասարանից: Գոնե սպասեին՝ զանգը տար, դասն ավարտվեր, մոտենային նորմալ տանեին»,-ասաց կինը:

Նա հավելեց, որ մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ-ի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ աշխատակիցները դիմակներով ներխուժել են դասարան եւ ուժ կիրառելով բերման են ենթարկել ֆիզիկայի ուսուցչին:

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը իր էջում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել