Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն ժամանակավորապես փակվելու է, և 70 աշխատակից մնալու է անգործ։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը պարզաբանեց, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով. իսկ ինչո՞ւմն է խնդիրը, որ քաղաքապետարանն ինքը չի ֆինանսավորում.
«Ծնդդատունը փակվում է ժամանակավորապես, քանի որ կան լուրջ խնդիրներ կապված ֆինանսական հարցերի հետ։ Ծննդատունն ի սկզբանե հանձնված է եղել հավատարմագրային կառավարչի, պարզվել է, որ հավատարմագրային կառավարիչը 2020-ից ֆինանսական ներդրում չի կատարել, քաղաքապետարանն էլ խզել է պայմանգիրը, եղել ենք դատական պրոցեսներ մինչև 2024 թվականի մայիսը։
Երբ արդեն մեր ենթակայությամբ էր միայն փորձել ենք առողջացնել, սակայն դրանց լուծումը պահանջում է անալիտիկա, ինչը մենք, ցավոք, դեռ չունենք։ Հավատարմագրային կառավարիչը պարտավոր էր աուդիտ անել, սակայն նշել է, թե հնարավոր չի եղել աուդիտ անել։ Առանց այդ փաստաթղթերի մենք չենք կարող հասկանալ, թե որքան կրեդիտային պարտավորություն ունի և այլն»։
Կարապետյանը պատմեց՝ մայիսից հետո 2 ամիս աշխատել է ծննդատունը, աշխատակիցներն էլ են հասկացել, որ իրավիճակն ավելի լուրջ է. «2 ամիս աշխատելուց հետո ծննդատան աշխատակիցների համար էլ պարզ դարձավ, որ իրենք այդպես չեն կարող աշխատել, քանի որ ունեն ԴԱՀԿ–ներ ու մի շարք ֆինանսական պարտավորություններ»։
Քաղաքապետարանը դիմել է Գլխավոր դատախազություն՝ հասկանալու՝ ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը և արդյո՞ք օրինական է ընթացել ամեն ինչ. «Այս բոլոր խնդիրները պարզելու նպատակով մենք դիմել ենք դատախազություն՝ հասկանալու, թե ինչ է եղել մինչև այդ և որքան ֆինանսական պարտավորությունների մասին է խոսքը։
Շեշտում եմ, որ ծննդատունը փակվելու է ժամանակավորապես»։
70 աշխատակցի՝ անգործ մնալը վարչության պետը մեկնաբանում է այսպես. «Մենք երեք անգամ ընդունելություն ենք կազմակերպել Երևանի քաղաքապետարանում, վերջին անգամ աշխատակիցների հետ հանդիպել է փոխքաղաքապետը։ 70 աշխատակիցներին, որոնք ծնդդատան փակման հետևանքով կարող են անգործ մնալ, առաջարկվել է աշխատանք, սակայն նրանք պնդում են, թե ուզում են աշխատել հենց այդ ծննդատանը»։
Հարցին՝ արդյո՞ք ծնդդատան փակվելը որևէ ձևով կապ ունի իր անմիջական հարևանությամբ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բացման հետ, վարչության պետը հերքեց. «Որևէ կապ չունի, այդ ընկերության բացումը ծնդդատան փակման հետ։ Չես կարող մեկը փակել, մյուսը բացել»։