168.am-ը գրում է․
Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ընդգծելով, որ նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։Հանձնաժողովից հիշեցնում են, որ գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
Վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից։