Հարցը BlogNews.am-ի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողուհի Լիլիթ Ա.-ն:
Եթե ունեք խնդիրներ կամ հարցեր, որոնց վերաբերյալ կցանկանաք հոգեբանի կարծիք լսել, կարող եք գրել Բլոգ Նյուզի ֆեյսբուքյան էջին:
Հարց
«Բարև Ձեզ, ամուսնացած եմ, ունեմ 7-ամյա որդի, մինչև վերջերս`երեխայիս դպրոց հաճախելը ամուսնուս հետ ոչ մի խնդիր չունեի: Իսկ հիմա երեխային դասերը պատրաստելիս օգնելիս մեր վեճերն անպակաս են դարձել: Երեխայի հետ դասերը ինքս եմ անում, ամուսինս ժամանակ չունի, նա միայն կողքից նստում է ու քննադատում, երեխայի վրա բարկանում եմ, որ թողնի դրսի խաղերը գա տուն տնայինները անի, ամուսինս նկատողություն է անում, որ խեղճ երեխային տանջում եմ ու դաժան եմ, գրելուց վրան բարկանում եմ, որ սիրուն գրի, նորից կողքից, երեխայի ներկայությամբ նկատողություն է անում, թե իմ տղային չնեղացնես, ոնց կուզի գրի, ու ես դառնում եմ երեխայի չկամեցողը, ինքը սիրողն ու հոգ տանողը: Ամեն անգամ երբ մի բանի վրա բարկանում եմ, ասում է պապայիս կասեմ....ինչ՞ խորհուրդ կտաք, ամուսինս էլ ինձ չի սիրում՞»
Հարցին պատասխանում է մանկական հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Արզումանյանը
Բարև Ձեզ: Սովորաբար դպրոցը, առաջին դասարանը, հիմնական գործունեության և ռեժիմի կտրուկ փոփոխությունը սթրես է ոչ միայն փոքրիկի, այլ նաև ծնողների համար: Ինչ որ իմաստով ծնողների համար երեխաների դասապատրաստումն իրենց սեփական գիտելիքների և կարողությունների վերաքննությունն է, այդ իսկ պատճառով կարծես առավել պահանջկոտ են դառնում իրենց երեխաների կարգապահության և առաջադիմության հարցում: Ձեր ընտանեկան այս դժվար, թերևս և բնական, իրավիճակը Ձեր ձեռքերում է. առաջին հերթին հիշեցնեմ, որ ձեր բալիկը դեռ խաղալ է ուզում, և, եթե այժմ շատ համառեք դասերը պատրաստելու առումով, ապա ակամա կստեղծեք բացասական վերաբերմունք և դպրոցի, և ուսման նկատմամբ:Ավելի հանգիստ վերաբերվեք այս երևույթին: Երկրորդ, գեղեցիկ ձեռագիրը մշակվում է որոշակի ժամանակի ընթացքում...պահանջել այն, ինչ երեխան դեռևս չի կարողանում, փոքր-ինչ արդար չէ, առավելևս պատժել «բակում խաղալու հաշվին».... սա հղի է մայր-որդի հարաբերությունների հոգեբանական օտարացմամբ....Կարծում եմ, Դուք հասկանում եք դրա հետևանքները, չէ որ վերջինիս նախադրյալներն արդեն իսկ զգացվում են, երբ փոքրիկը «սպառնում է» հայրիկին ասել...Եվ երրորդ, ամենակարևորը, անհրաժեշտ է գալ հստակ պայմանավորվածության ամուսինների միջև, թե դաստիարակության որ ոճերն եք նախընտրում: Ինչ էլ պատահի...երեխայի ներկայությամբ Ձեր մոտեցումները քննարկելը ժամանակի ընթացքում կբերի անհարգանքի, անպատժելության զգացումի և այլ, բավականին անցանկալի հետևանքների ոչ միայն երեխայի հոգեբանության մեջ, այլ նաև ամուսինների փոխհարաբերություններում: Անհրաժեշտության պարագայում կարող եք դիմել հոգեբանական խորհրդատվության: