Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է։
Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։
Համաձայնություն է ձեռքբերվել նաեւ այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nazelibaghdasaryan.official/posts/pfbid02ivnNm1nekSnTyYeawXKfkUYdoA2QQ8Chg9sZtkhT8tmF1qFLL2yYjNked3aHmxwtl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել