Lurer.com-ը գրում է.
«Ես հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ։ Առողջական վիճակս հեչ լավ չի, հիմա Էրեբունի հիվանդանոցում եմ, տենց բաների հետ գործ չունեմ»,- վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին հարցին այսպես բուռն արձագանքեց Բոգո մականվամբ հայտնի Ռուբեն Կոստանյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրոււյցում։ Ընդգծենք, որ Երևանում որպես թաղային հեղինակություն հայտնի Բոգոյի կինն ավելի վաղ Սամվել Ալկեքսանյանի կնոջ՝ Շողերինայի ու նրա դստեր հետ մասնակցել էր վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած կանանց փարթիին։ Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան։
Հիշեցնենք՝ Սամվել Ալեքսանյանի հավատարիմ ընկերներից մեկն է Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը և չնայած ՀՀԿ-ի հետ փոխկապակցած երբեմնի կապերին՝ այսօր էլ փայլուն հարաբերություններ ունի գործող իշխանության հետ։
Թե ինչու է հրաժարվում այսօր մասնակցելուց, մանավանդ, որ իր կինը նախորդիվ 1 միլիոն դրամանոց ընթրիքից ջերմ լուսանկարներ էր հրապարակել վարչապետի տիկնոջ հետ, այս հարցին Բոգոն խուսափողական պատասխան տվեց՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի․ «Տենց չէ, որ վիճակս էնքան լավ է, կարանամ տենց բաների մասնակցեմ, հազիվ քայլում եմ։ Ո՞նց եք պատկերացնում, ես հիվանդանոցից գամ մասնակցե՞մ, գոնե մեկը գա ինձ օգնի»,- ասաց նա։
Մեր այն դիտարկմանը, թե ինքը մշտապես օգնության ձեռք է մեկնել կառավարության բազմաթիվ ծրագրերի, մտավախություն չունի՞, որ չմասնակցելով կարող է հայտնվել իշխանությունների սև ցուցակում, Կոստանյանը խնդրեց նման հարցեր իրեն չուղղել։
«Նենց հարցեր կտաք, հիմա հիվանդ եմ, վայ»,- եզրափակեց Կոստանյանը՝ հրաժարվելով պատասխանել մեզ հետաքրքրող այլ հարցերին ևս։