Ստեղծվում է «Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե». ՏեսանյութIlur.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազության մոտ, Կոնգրեսի՝ արդեն ավանդական դարձած ամենուրբաթյա ակցիայի ժամանակ, ելույթ ունենալով հավաքված քաղաքացիների առջև՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, որ ստեղծվում է «Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե»:

«Ես առաջարկում եմ ստեղծել «Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե» զանգվածային կազմակերպությունը, որին միանալը արտահայտվելու է ընդամենը մեկ գործողությամբ. ցանկացած մարդ ընդամենը ստորագրելու է հետևյալ նախադասության տակ՝ «Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և ապահանջում ենք անհապաղ ազատել նրան»: Ստորագրելով այս հայտարարությունը՝ մենք դրանով իսկ կդառնանք Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտեի անդամ»,-հայտարարեց Լևոն  Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահը նաև համոզմունք հայտնեց, որ այդ կոմիտեին միանալու են տարբեր քաղաքական հայացքներ և միջանձնային հարաբերություններ ունեցող բազմաթիվ մարդիկ, որոնք, չնայած քաղաքական հայացքների ու գաղափարների տարբերությանը, գիտակցում են, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ:

Ըստ Զուրաբյանի՝ վաղվանից սկսած՝ 6 տպագիր թերթեր լույս կտեսնեն՝ առաջին էջում գրելով «Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատել նրան»: Այդ թերթերն են «Չորորդ Ինքնիշխանություն», «Առավոտ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «Ժամանակ», «168 Ժամ»:

Լևոն Զուրաբյանը Հայաստանի բոլոր տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներին կոչ արեց ամեն առավոտ սկսել այդ նախադասությամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Առաքելյանը գտնվում է բանտում:  Զուրաբյանի խոսքերով՝ այդ հայտարարությունը պետք է հետապնդի Սերժ Սարգսյանին ամենուրեք, և Սերժ Սարգսյանը այդ նախադասությունից փախչելու տեղ չպետք է ունենա,  նա պետք է հասկանա, որ այդ նախադասության հետևում կանգնած է ամբողջ հասարակությունը:

Լևոն Զուրաբյանը  նաև նշեց, որ այս նախաձեռնությունը սկսվում է՝ ի պատասխան մի քանի օր առաջ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ հարյուրավոր երաշխավորագրերի մերժման, ապա գնահատելով նախորդ շաբաթ մեկնարկած՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրերի արշավը՝ հայտարարեց, որ հասարակական աննախադեպ կոնսոլիդացիա է տեղի ունեցավ, և այդ արշավին միացան քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, անհատ մարդիկ, որովհետև բոլորը հասկանում էին, որ եթե Տիգրանը բանտում է, սա նշանակում է, որ մենք չունենք ազատ պետություն:

Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ սա վերջին հնարավորությունն էր՝ գործընթացը տանել իրավական հարթություն, և բոլորը հասկանում էին, որ եթե հարյուրավոր հեղինակավոր մարդիկ, օրենքի համապատասխան, դատարանին խնդրում են մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը Տիգրան Առաքելյանին ազատել՝ երաշխավորելով նրա պատշաճ պահվածքը, որևէ նորմալ դատավոր չէր կարող մերժել:

«Ամբողջ հասարակությունը սպասում էր, պարզ, իրավական մի որոշման եթե այդ պարզ իրավական որոշումը մերժվում է այսուհետև բոլորին պարզ է, որ խնդիրը իրավական հարթության մեջ չէ, սա ուղղակի բռնապետության քմահաճույքն է: Այսուհետև բոլորին հասկանալի է դառնում, որ մենք գործ ունենք դասական քաղաքական բանտարկյալի հետ, եթե առաջ միայն մենք էինք դա ասում, հիմա ամբողջ հասարակությունը սա պնդում է»-ընդգծեց Զուրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել